17 / Փետրվար / 2021 : 13-22

Գյումրին պետք է կառուցենք նորովի. Նիկոլ Փաշիինյան 

Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի. վարչապետի գլխավորությամբ Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ռազմավարական խնդիրները քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխմարզպետները և պաշտոնատար այլ անձինք:

Նախքան քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Շատ կարևոր է, որպեսզի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները սինխրոն գործեն` հետպատերազմական սոցիալ-հոգեբանական և տնտեսական վերականգնման գործընթացն ապահովելու համար: Իհարկե, Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում մենք 2019 թվականին բավականին տեսանելի և շոշափելի տեղաշարժ տեսանք: Հետագայում կորոնավիրուսի համավարակը և պատերազմը որոշակիորեն փոխեցին իրավիճակը, բայց մենք պետք է հիմա ապահովենք, որպեսզի այն ծրագրերը, որ ունեցել ենք նախանցած շրջանում, ոչ միայն պատշաճ ձևով իրականացվեն, այլև կարողանանք նոր ծրագրեր ձևակերպել, նոր խթաններ ստեղծել և իսկապես փոխել ընդհանուր իրավիճակը, ընդհանուր տրամադրությունը և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը, Շիրակի մարզը, Գյումրին բերել մի այնպիսի իրավիճակի, որն առնվազն կբավարարի բոլորիս:

 

Ճանապարհին ես անընդհատ հիշում էի մեր կարգախոսը՝ «Կառուցենք Հայաստանը նորովի»: Այդ կարգախոսը, որը որդեգրել ենք դեռևս ճգնաժամի նախընթաց շրջանում, հիմա առավել արդիական է հնչում բառիս բուն և փոխաբերական իմաստով: Եվ խնդիրը պետք է այսպես ձևակերպենք՝ Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի: Պետք է ուրախությամբ արձանագրել, որ Գյումրին նորովի կառուցելու գործընթացը սկսվել էր, արդեն շարունակվում է: Եվ սա շատ լավ դինամիկա է, օրինակ է, որը մենք կարող ենք շարունակել»:

Այնուհետև Շիրակի մարզպետը և փոխմարզպետերն անդրադարաձել են նախորդ տարվա ընթացքում մարզում արձանագրված արդյունքներին: Մասնավորապես, զեկուցվել է, որ 2020 թվականին, պայմանավորված կորոնավիրուսի համավարակով և պատերազմով, մարզում նախատեսված ծրագրերն իրականացվել են 80-90 տոկոսով և այս տարվա ընթացքում կիրականացվեն ինչպես կիսատ մնացած, այնպես էլ առաջիկայի համար ծրագրված նախագծերը: Տեղեկացվել է, որ նախորդ տարի մարզում կյանքի են կոչվել 3,3 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր` համայնքներում ենթակառուցվածքների զարգացման ու բարելավման նպատակով: Ընթացիկ տարվա համար մարզի համայնքների կողմից արդեն իսկ ներկայացվել է 62 սուբվենցիոն ծրագրերի հայտ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 4,4 մլրդ դրամ:

 

Վարչապետը կարևորել է Շիրակի մարզում և ընդհանրապես հանրապետությունում սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացումը և ընդգծել ամենօրյա ռեժիմով մոնիթորինգի ու վերահսկողության անհրաժեշտությունը` աշխատանքի որակն ապահովելու համար:

«Անհրաժեշտ է հաշվի առնելով նախորդ տարվա առանձնահատկությունները` հանրապետությունում նոր թափով իրականացնել մեծածավալ կապիտալ ծրագրեր: Չպետք է լինի լավ, արդյունավետ, բովանդակություն ունեցող ու տրամադրություն հաղորդող որևէ լավ ծրագիր, որի համար ֆինանսավորում չտրամադրենք: Պետք է քաջալերել բոլոր համայնքներին, ներդրողներին` իրականացնելու նմանատիպ ծրագրեր, որոնք կունենան առավելագույն տնտեսական արդյունք, միաժամանակ կապահովեն որակն ու շինաշխատանքների արդյունավետությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ ներդրումային ծրագրերի խրախուսման նպատակով կառավարությունը պատրաստ կլինի նաև ներդրողներին աջակցել ենթակառուցվածքների` ասֆալտապատման, գազի, ջրի ցանցերի կառուցման աշխատանքներում: «Այսպիսով մենք պետք է խրախուսենք կապիտալ ներդրումները, որոնք իրենց հետ կբերեն տնտեսական արդյունք ու նոր աշխատատեղեր»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում աշխատանքների ընթացքին` մարզպետ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ մարզում առկա 78 հազար հեկտար վարելահողերից նախորդ տարի մշակվել է 47 հազար հեկտարը: Մարզպետարանը Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ շարունակում է աշխատանքները մշակվող հողատարածքների թիվն ավելացնելու, ժամանակակից այգիների, ջերմոցային տնտեսությունների հիմնումը խրախուսելու նպատակով:

 

Իր հերթին, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, անդրադառնալով քաղաքում իրականացված աշխատանքներին, տեղեկացրել է, որ այս տարվա ընթացքում քաղաք է ներկրվելու շուրջ 70 ժամանակակից ավտոբուս, ինչն էապես կբարելավի տրանսպորտային ցանցը: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում քաղաքում տեղադրվելու են ֆոտովոլտային պանելներ, ինչը թույլ կտա քաղաքապետարանի ենթակայությամբ գործող օբյեկտներում խնայել մեծածավալ էլեկտրաէներգիա: Տեղեկացվել է, որ 2019 թվականից հետո Գյումրիում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում հիմնանորոգվել է 31 փողոց, ևս 37 փողոց էլ վերակառուցվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ներգրավված միջոցների շրջանակում: Մինչև 2022 թվականի ավարտը նախատեսվում է, որ Գյումրիում հիմնանորոգված կլինի շուրջ 180 կիլոմետր ճանապարհ` քաղաքի փողոցների 70 տոկոսը:

Սամվել Բալասանյանի խոսքով` Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ այս տարի կբարելավվի նաև քաղաքի լուսավորության ցանցը: Աշխատանքներ են տարվում 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու նպատակով:

Ըստ քաղաքապետի` Գյումրիում հիմնանորոգվում են նաև կանգառները, լիարժեք լուծվել է սանմաքրման խնդիրը. քաղաքն ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով: Միաժամանակ, աշխատանքներ են տարվում «Բարեկամության» այգին հիմնանորոգելու ուղղությամբ, որն ունենալու է 7,2 հեկտար տարածք:

 

Անդրադառնալով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին` պատասխանատուները զեկուցել են, որ այս տարվա ընթացքում նոր թափով կիրականացվեն Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինաշխատանքները: Խոսելով կորոնավիրուսի հետ կապված վիճակի մասին` մարզպետը նշել է, որ այն կառավարելի է. ներկայումս մարզում առկա է կորոնավիրուսով հիվանդ 48 պացիենտ, իսկ հունվար ամսին, ընդհանուր առմամբ, արձանագրվել է հիվանդացության 265 դեպք:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Գյումրիի տնակների հետ կապված խնդրի լուծմանը, պատերազմի հետևանքով Շիրակի մարզ տեղափոխված արցախցիների կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր:

Զեկույցներով հանդես են եկել նաև Դատախազության, Քննչական կոմիտեի և Ոստիկանության մարզային վարչությունների ղեկավարները՝ ներկայացնելով իրավակարգի ապահովմանն ուղղված աշխատանքների ընթացքը:

Դիտվել է 10269անգամ
Վերջին լուրեր