Ինչո՞ւ է Սարգսյանի հարցազրույցը լինում այն պահին, երբ դրա անհրաժեշտությունը չկա. Մակունց
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը լի էր իրարամերժ պնդումներով, որ ավելի շատ հարցեր են առաջացրել, քան պատասխաններ են տվել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Այդ շեշտադրումները, որ անում է երրորդ նախագահը, ինքը և իր քաղաքական թիմը դրանցով չեն վարել հանրային քաղաքականություն, դրանք որևէ կերպ արտացոլված չեն եղել իրենց թե հանրային քաղաքականությունում, ու թե խոսքում, օրինակ՝ 2017թ. նախընտրական ժամանակաշրջանում կամ թեկուզ 2018 թ. արտահերթ ընտրությունների ընթացքում, չեն եղել նաև 2019-ին կամ 2020 թ.պատերազմի ընթացքում»,- ասաց նա:
Մակունցի խոսքով՝ հարցերի հարցն է,թե ինչին էին սպասում, ինչու է այս հարցազրույցը լինում այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունն արդեն չկա:
Անդրադառնալով ընդդիմության՝ փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքին և ընտրություններ անցկացնելու որոշումից հետ կանգնելուն՝ Մակունցը նշեց.
«Մենք չենք նշել, որ ինչ-որ բանից հետ ենք կանգնում, առավել ևս՝ այն պատճառով, որ չկա հանրային պահանջ: Մենք արձագանքում ենք ընդդիմության իշխանափոխության առաջարկին, որը տեսնում ենք բացառապես ընտրությունների միջոցով, ասում՝ եթե ընդդիմությունը գտնում է,որ նման անհրաժեշտություն կա,մենք առարկություն չունենք: Ընդդիմությունը մեր ձեռքմեկնմանը դրական չի արձագանքել»: