Մարզերում ձյուն է տեղում․ կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։
Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում, Սյունիքի մարզի Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ քաղաքներում և Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ քաղաքներում տեղում է ձյուն։