Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, այսօր՝ փետրվարի 22-ին, «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի վերաբերյալ քրեական գործով ձերբակալված, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։
Այս մասին հայտնել է Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանը Նա հայտնեց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Բեքարյանին ձերբակալելու մասին ԱԱԾ քննիչի որոշումը՝ բավարարելով պաշտպանի բողոքը, միեւնույն ժամանակ մերժել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին եւ քաղաքացի Արամ Սարգսյանին։
Հիշեցնենք, որ երեկ դատարանի որոշմամբ Արա Սաղաթելյանը և Արամ Սարգսյանը կալանավորվել են, իսկ Մհեր Ավագյանն ազատ արձակվել։
Նրանք ձերբակալվել են ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով։