Հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի. սկսվում է ծառայողական քննություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է տարածել IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ: yelaket.am-ը ներկայացնում է նախարարության պարզաբանումը.
«IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ, տեղեկացնում ենք հետևյալը.
Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի:
Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։
Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։
Չնայած առաջացած խնդիրներին, հայկական ընկերություններն արդյունավետ աշխատում են ցուցահանդեսում պատշաճ ներկայանալու համար. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելով նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում»։