23 / Փետրվար / 2021 : 14-38

 Ադրբեջանի վրա հետզհետե աճում է գերիների հարցով միջազգային ճնշումը․ ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը վստահեցնում է, որ ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլ նաև միջազգային գործընկերներն ամեն ինչ անում են՝ ստիպելու Ադրբեջանին հրաժարվել պատանդառությունից և վերադարձնել հայ ռազմագերիներին: Այվազյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Նախարարը վստահեցրեց, որ ռազմագերիների հարցը ՀՀ իշխանությունների առաջնային ուշադրության ներքո է՝ օրը 24 ժամ: «Միջգերատեսչական հանձնախումբն աշխատում է բոլոր ուղղություններով: Միջազգային ճնշումը հետզհետե աճում է: Ինչպես և ենթադրում էի՝ գերիների հայրենադարձության համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը, պատանդառությունը կամաց-կամաց դառնում է գլխացավանք՝ Ադրբեջանի համար: Եվ մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի այդ պատանդառության քաղաքականությունից և անհապաղ դրական լուծում կտա՝ հումանիտար այս կարևորագույն հարցին»,-ասաց Այվազյանը:

Նա հորդորեց համբերությամբ լցվել, լավատես լինել՝ վստահեցնելով, որ ամեն ինչ արվում է ոչ միայն մեր իշխանությունների, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, մեծ ջանքեր են գործադրում նաև Հայաստանի միջազգային գործընկերները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարության տեքստի 8-րդ կետով նախատեսված է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Սակայն մինչև այժմ Ադրբեջանը ամբողջությամբ չի վերադարձնում հայ գերիներին:

Դիտվել է 6362անգամ
Վերջին լուրեր