25 / Փետրվար / 2021 : 13-43

Մենք կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին երկիրը չտանել քաղաքացիական պատերազմի եւ անցնցում հեռանալ. ԲՀԿ հայտարարությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում Նիկոլ Փաշինյանին երկիրը չտանել քաղաքացիական պատերազմի եւ անցնցում հեռանալ:

Հայտարարությունում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
այսօր մեր երկիրն ու պետականությունը կանգնած է վճռորոշ ջրբաժանի առջև: Մեր ժողովրդի և պետականության կողքին կանգնելու մասին ՀՀ Զինված ուժերի և Գլխավոր շտաբի հայտարարությունը բեկումնային է: Մենք կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին երկիրը չտանել քաղաքացիական պատերազմի, երկրի ներսում չթափել հայի արյուն, հային չսարքել հայի թշնամի, որովհետև մեր իրական թշնամին սահմանից այն կողմ է: Նիկոլ Փաշինյանն ունի վերջին հնարավորություն քաղաքական ճանապարհով անցնցում հեռանալու, մեր առանց այդ էլ պատերազմից հետո բզկտված պետականությունը վերջնականապես չվտանգելու:

 

Մենք թույլ չենք տալու, որ մեր երկրում հայի ձեռքով հայի արյուն թափվի, մենք թույլ չենք տալու որպեսզի իր իշխանությունն օր ավել երկարաձգելու մոլուցքով տառապող անձը մեր հայրենակիցներին տանի բախումների: Մենք պետականություն ենք կորցնում:

Կոչ ենք անում ՀՀ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը և մյուս բոլոր ուժային կառույցներին դուրս չգալ սեփական ժողովրդի դեմ և չդառնալ գործիք մեկ մարդու իշխանությունը պահելու համար: Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով: Մենք ժողովրդի կողքին ենք և ամեն ինչ անելու ենք մեր երկրում խաղաղ և անցնցում իշխանափոխություն ապահովելու համար»:

Դիտվել է 7680անգամ
Վերջին լուրեր