Դատախազությունը՝ վարչապետի հրահանգով բանակի գեներալներին ձերբակալելու սանկցիա պատրաստելու լուրերի մասին
ՀՀ դատախազությունը հերքում է շրջանառվող լուրերն այն մասին, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատախազությունը սանկցիա է պատրաստում հայկական բանակի գեներալներին ձերբակալելու համար:
«Հարթակներից հնչող ու լրատվամիջոցներից տարածվող տեղեկությունները, թե իբր «Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատախազությունը սանկցիա է պատրաստում, որպեսզի շտուրմի ու զինված խմբերի միջոցով սանկցիա կիրառի, մտնի ՊՆ ու ձերբակալի հայկական բանակի գեներալներին», իրականությանը չի համապատասխանում: Դատախազությունը հրահանգ կատարող չէ և չկա առհասարակ նման բան»,- այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: