Ալիևի ասուլիսը մեկ անգամ ևս ապացուցեց հայոց բանակի վերազինման և արդիականացման հրամայականը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին, անդրադարձել է փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավիրած ասուլիսին ու դրանում հնչեցված իրարամերժ և հակահայկական պնդումներին:
- Երեկ Ադրբեջանի նախագահն օտարերկրյա լրատվամիջոցների համար ասուլիսին հանդես է եկել մի շարք հայտարարություններով, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ նոր սպառնալիքներով, ռազմագերիների հարցի, Արցախի կարգավիճակի վերաբերյալ մեկնաբանություններով: Ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարություններին:
- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փետրվարի 26-ի երկարաձիգ ասուլիսը հայ ժողովրդի նկատմամբ հերթական ատելության խոսքի դրսևորումն էր՝ ուղղված հայ ժողովրդի՝ որպես «հարմար թշնամի» կերպարի շահարկմամբ ադրբեջանական հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելուն:
- Մեկ հարցի շրջանակներում, իհարկե, դժվար կլինի անդրադառնալ բոլոր այն իրարամերժ հայտարարություններին, որոնք տեղ են գտել Ադրբեջանի նախագահի խոսքում: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ընդգծել.
Առաջին, Ադրբեջանի նախագահը շարունակում է հայատյացության քաղաքականությունը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնաղբյուրն է: Նախկինում աշխարհի հայ ժողովրդին թիվ մեկ թշնամի հայտարարած նախագահ Ալիևի` «հայ ժողովուրդն Ադրբեջանի թշնամին չէ» խոսքերը խարխլվում են հայ ժողովրդի, նրա պետական ինստիտուտների, բանակի նկատմամբ թշնամական հռետորաբանությամբ, ուստի չեն կարող լինել արժանահավատ:
Երկրորդ, ի հեճուկս միջազգային հանրության օրեցօր ուժեղացող կոչերին՝ անհապաղ ազատ արձակել նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին դրույթի՝ Ադրբեջանի կողմից խախտման հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին՝ Ադրբեջանի նախագահն արդարացնում է իր երկրի միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների խախտումները՝ փաստացի սպառնալով նոր գերեվարումներով: Ավելին, Ադրբեջանի նախագահի կողմից հայ բոլոր գերիներին վերադարձրած լինելու մասին պնդումն արվում է այն ժամանակ, երբ Ադրբեջանի պատկան մարմինները միջազգային հեղինակավոր կառույցներին փոխանցել են հայ ռազմագերիների առկայության մասին տեղեկատվություն:
Երրորդ, մենք բազմիցս ենք հայտարարել, որ Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը չի կարող համարվել հակամարտության լուծում: Տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար պետք է վերացվեն ռազմական ագրեսիայի հետևանքները, և իրացվեն արցախահայության իրավունքները, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված ինքնորոշման իրավունքի հիման վրա:
Չորրորդ, հայոց բանակը հայ ժողովրդի անվտանգության և իր բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու և արարելու իրավունքի երաշխավորն է, որը բազմաթիվ հայորդիների անձնազոհության գնով խաթարեց թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի ցեղասպան նկրտումները հայ ժողովրդի նկատմամբ: Ալիևի տվյալ ասուլիսը մեկ անգամ ևս ապացուցեց հայոց բանակի վերազինման և արդիականացման հրամայականը:
Ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները ի ցույց են դնում, որ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ քայլեր ձեռնարկելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար, ավելին, այն իր հայտարարություններով ի չիք է դարձնում վստահության ձևավորման որևէ հնարավորություն:
- Ադրբեջանի նախագահը հերթական անգամ խոսել է Հայաստանի տարածքով «միջանցքի» մասին: Ի՞նչ միջանցքի մասին է խոսքը:
- Այս հարցին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք, սակայն ևս մեկ անգամ կկրկնեմ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը չի պարունակում որևէ միջանցքի ստեղծման դրույթներ: Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա և լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։
- Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Արցախ ադրբեջանցի փախստականների վերադարձի անհրաժեշտության մասին պնդումներով: Արդյոք որևէ քննարկում այդ ուղղությամբ իրականացվու՞մ է:
- Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տեղահանված անձանց վերադարձը իրենց բնակության վայրեր՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Այնուամենայնիվ, հայտարարությունից անգամ մոտ չորս ամիս անց ադրբեջանական կողմը խոչընդոտում է միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ մասնագիտացված մարմինների մուտքը Արցախ՝ խաթարելով հումանիտար առաքելությունների իրականացումը:
Ակնհայտ է, որ պետք է վերադառնան նախևառաջ վերջին լայնածավալ պատերազմի ընթացքում տեղահանվածները, և նոյեմբերի 9-ի հայտարարությունը միտված է առաջին հերթին այդ պատերազմի հումանիտար հետևանքների վերացմանը: Դա վերաբերում է Հադրութի, Շուշիի, ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող այլ բնակավայրերի բնակիչներին: Մինչդեռ ադրբեջանական զինված ուժերը ոչ միայն չեն թույլատրում տեղահանվածների վերադարձը, այլև այրելով և ոչնչացնելով վերջիններիս բնակավայրերը՝ փորձում են դա անհնար դարձնել:
Նման վարվելակերպը հստակորեն մատնանշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հայ և ադրբեջանցի ժողովուրդների համակեցության հայտարարություններով փորձում է քողարկել Արցախում էթնիկ զտումների և հայաթափության տխրահռչակ քաղաքականությունը: