Այն, ինչ մենք իրականացնում էինք, մոտենում է ավարտին. Վազգեն Մանուկյան
Բաղրամյան պողոտայում ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը շնորհավորեց հանրահավաքի մասնակիցներին՝ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը վերադարձնելու կապակցությամբ:
«Հաղթանակ», - բարձրաձայնեց նա: Ներկաները ողջունեցին հանրապետության նախագահի որոշումը:
«Մենք դա էինք պահանջում, նույն կարծիքը ունեցավ Արմեն Սարգսյանը։ Ես շնորհավորում եմ ձեզ։ Հաղթանակ։ Եկեք ողջունենք հանրապետության նախագահին։ Մեր ժողովուրդը կանգնած է բանակի կողքին։ Բանակը կանգնած է ժողովրդի կողքին։ Հիմա արդեն նախագահն էլ կանգնեց ժողովրդի ու բանակի կողքին»,– ասաց Մանուկյանը։
Վազգեն Սարգսյանը նաև հայտարարեց, որ ընդդիմությունն այժմ սպասում է մյուս ուժային կառույցների հայտարարություններին
«Այն, ինչ մենք իրականացնում էինք, մոտենում է ավարտին։ Թող մնացած բլոր կառույցները հայտարարեն իրենց կարծիքը»,- ասաց Վազգեն Մանուկյանը Հայրենիքի փրկության շարժման մասնակիցներին։
Ընդդիմության այսօրվա հանրահավաքն ավարտվեց։ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ վաղը ընդդիմությունը բեմը տրամադրում է մշակույթի գործիչներին ու մտավորականներին։ «Վաղն այստեղ լինելու է ուրախության հավաք»,– հայտարարեց Մանուկյանը։
«Վաղը հայտարարում ենք հաղթանակի և հանգստյան օր, իսկ երկուշաբթի օրը, ժամը 16։00-ից կշարունակենք մեր աշխատանքը»,-հայտարարեց ՀՓՇ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, հորդորելով մյուս ուժային կառույցներին ՝ ԱԱԾ-ին, դատախազությանը, ոստիկանությանը միանալ բանակին։
Շարժման ներկայացուցիչներն ու մասնակիցները «Ազգ, բանակ, հաղթանակ» վանակարկումներով շարժվեցին Բաղրամյան պողոտայով։
Մանուկյանը նաև մեկնաբանեց, որ իրավական ընթացակարգը նախատեսում է, որ վարչապետը կարող է 5 օրվա ընթացքում դարձյալ նույն առաջարկով դիմել ՀՀ նախագահին։ Նախագահը դրանից հետո ևս 3 օր կունենա որոշում ընդունելու` կամ ստորագրել վարապետի առաջարկը, կամ դիմել ՍԴ։
Նշենք, որ ՍԴ–ն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով նույնպես 5 օր ունի նախագահի դիմումը քննարկելու ու դրա մասին որոշում կայացնելու համար։