Անվտանգության խորհուրդը՝ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ

ՀՀ Անվտանգության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարությունում ասվում է.
«ՀՀ Անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը:
ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի քաղաքական գործընթացներին ներգրավվելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը:
Օրենքի համաձայն, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, նշանակվման և ազատման առաջարկության հիմքում ընկած է կառավարության ղեկավարի հայեցողությունը։
ՀՀ նախագահը, լինելով Սահմանադրության պահպանմանը հետեւող կարեւորագույն ինստիտուտ, պարտավոր է միանշանակ կերպով ցուցաբերել համապատասխան մոտեցում:
Ելնելով վերը նշվածից, Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին կոչ է անում բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը եւ ստորագրել համապատասխան հրամանագիր»: