Երևանում մահվան ելքով վրաերթի հեղինակը «Ռիո Մոլ»-ի տնօրենն է, մահացածն էլ «Գալաքսի» ընկերությունից է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Երևանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Բոշյանի կողմից Բաղրամյան պողոտայում վրաերթի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված ու այնտեղ մահացած հետիոտնի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երևանի բնակիչ՝ 35-ամյա Սոսի Խանիկյանն էր։


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Բոշյանն աշխատոմ է Երևանում հայտնի «Ռիո Մոլ»-ում՝ որպես տնօրեն, իսկ մահացած Ս. Խանիկյանը աշխատում էր «Գալաքսի» ընկերությունների խմբում՝ որպես բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 1-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:20- սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանը իր վարած Mercedes Տ400 մակնիշի 11 ՍՍ 071 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի:
Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել էր օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում սպասում էին, որպեսզի ժամանեին ՃՈ հետաքննչները, հիվանդանոցից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի