Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Ապրիլ / 2020 : 20-47

Պարետի նոր որոշումը․ Ինչպես պետք է կորոնավիրուսից մահացած անձանց դիակները տեղափոխվեն Հայաստան և հուղարկավորվեն

 

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ սահմանվել է  արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակները արտերկրից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու կարգը։

1. Արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակները արտերկրից Հայաստանի Հանրապետություն են տեղափոխվում փակ դագաղով:

2. Հայաստանի Հանրապետության սահմանով դիակներով դագաղներ տեղափոխելիս դրանց հայտարարագրումն իրականացվում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 260-րդ հոդվածի 18-20-րդ մասերով սահմանված կարգով։

3. Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսային մարմնի պաշտոնատար անձը փակ դագաղը կնքում է հերթական համար ունեցող կնիքով և այն հանձնում հուղարկավորության կազմակերպման ստանձնողներին՝ համաձայն «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ՝ 2006 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-40-Ն օրենքի 13-րդ հոդվածի:

4. Այնուհետև դագաղը տեղափոխվում է Երևան քաղաքի Բագրատունյաց 1 հասցեում գտնվող դիահերձարան, որտեղ դիահերձարանի աշխատակիցները դիահերձարանի ամբողջությամբ ապակեպատ և փակ հատվածում դագաղը բացում են, ապակու հակառակ կողմից մահացած անձի հարազատների համար տեսանելի ձևով ցույց են տալիս դիակը, որից հետո դիակը տեղադրվում է ներսից քլորակրով պատված պարկի մեջ, այնուհետև նույն դագաղի մեջ: Դագաղը դարձյալ նույն ձևով կնքում է մաքսային մարմինների համապատասխան պաշտոնատար անձը և սույն կարգի նմուշի համապատասխան ծանուցում է տրամադրում հուղարկավորության տրամադրման ստանձնողներին՝ միաժամանակ ճշտելով հուղարկավորության օրը, ժամն ու վայրը, և դագաղը փակ վիճակում հանձնում է դիակը ստացող անձին:

5. Մաքսային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունն ու ծանուցագիրը անհապաղ փոխանցում է ՀՀ ոստիկանությանը՝ հետագայում մահացած անձի հուղարկավորության վայրի ոստիկանության տարածքային բաժնին փոխանցելու նպատակով։

6. Մահացած անձի հուղարկավորության վայրի ՀՀ ոստիկանության տարածքային բաժնի աշխատակիցը հուղարկավորության օրը ներկայանում է հուղարկավորության վայր և հուղարկավորումից անմիջապես առաջ ստուգում է դագաղի վրա կնիքի առկայության, բացակայության կամ վնասված լինելու փաստն ու լուսանկարելու միջոցով արձանագրում այն։

7. Կնիքի բացակայության կամ վնասվածքի դեպքում ՀՀ ոստիկանության տարածքային բաժնի աշխատակցի կողմից համապատասխան հաղորդում է ներկայացվում ՀՀ ոստիկանության տարածքային բաժին։

Փակ դագաղի կնիքը հեռացնելու կամ վնասելու կամ բացելու համար նախատեսվում է  վարչական կամ քրեական պատասխանատվության  համաձայն օրենսդրության՝

1. Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդանոցում կամ թունավորում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Սանիտարական, սանիտարահիգիենիկ և  սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները (բացի սննդամթերքի անվտանգության ոլորտի և մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմաներից), հիգիենիկ նորմատիվները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քառասնապատիկից մինչև հարյուրքսանապատիկի չափով: Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

Պարետ Տիգրան Ավինյանի որոշում
Դիտվել է 3371անգամ
Վերջին լուրեր