17 / Ապրիլ / 2020 : 20-59

 

Հայաստանում չարձանագրվեց դատարկ ցուցափեղկերի երևույթը. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի համաճարակի հայաստանյան կարեւոր առանձնահատկություններից է այն, որ երկրում ոչ մի օր չարձանագրվեց դատարկ ցուցափեղկերի երեւույթը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին հղված իր ուղերձում՝ նկատելով, որ, ցավոք, նման երևույթ արտահայտվել է աշխարհի բազմաթիվ երկրներում:

«Եվ սրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ինչպես մեր գործարարներին, այնպես էլ Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերներին, ովքեր ջանք չեն խնայում Հայաստանի բեռների շրջանառությունը այս պահին հնարավոր լավագույն ձեւով ապահովելու համար»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը:

Նա նշեց, որ այս ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ապահովվել է Հայաստանի շուրջ հազարավոր քաղաքացիների վերադարձը հայրենիք, ինչը իրականացվել է ինչպես պետական բյուջեի միջոցների, այնպես էլ՝ հայաստանյան եւ սփյուռքահայ կազմակերպությունների ու բարերարների աջակցությամբ: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել աջակցություն ցուցաբերած բոլոր կազմակերպություններին եւ անհատներին: Վերջիններս պարետատանն աջակցել են նաեւ անհրաժեշտ մի շարք ապրանքներ Հայաստան ներկրելու հարցում: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ բոլոր այն երկրներին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն են ցուցաբերել Հայաստանին»,-ասաց ՀՀ վարչապետը:

Դիտվել է 5068անգամ
Վերջին լուրեր