Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Ապրիլ / 2020 : 21-10

Մահացածի իրերը վառելու անհրաժեշտություն չկա. պարետի որոշումը՝ կորոնավիրուսից մահացածների հուղարկավորության մասին

 

Հայաստանի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝  սահմանվել է արտակարգ դրության ժամանակահատվածում կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետևանքով մահացած անձանց դիակների տեղափոխման և հուղարկավորման կանոնները, որում ասվում է.

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվում։

Փոխարենը՝ գործում են հետևյալ կանոնները՝

1. Պացիենտի՝ Կորոնավիրուսային վարակով պայմանավորված մահվան դեպքում դիակը ծածկվում է սավանով և տեղափոխվում դիակի համար նախատեսված անջրանցիկ պարկ (այսուհետ` պարկ), դաստակին փակցվում է նույնականացման տեղեկություն պարունակող նշան, այնուհետև պարկը պինդ կապվում է սկզբից մինչև վերջ կայծակ ճարմանդի միջոցով այնպես, որ բացառվի դիակից հեղուկի արտահոսքի հնարավորությունը: Դիակի նույնականացման տեղեկությունը (դաստակին փակցվածի նման) փակցվում է նաև դիակի համար նախատեսված պարկի վրա: Դիակը պարկ տեղափոխելուց առաջ կիրառվում են հետևյալ կանոնները.

1) դիակից զգուշորեն հեռացվում են կաթետերները, խողովակները և դրենաժները, դրանք հեռացնելու վայրը ախտահանվում է և փակվում կպչուն սպեղանիով.

2) դիակից հեռացված սուր առարկաները տեղադրվում են սուր առարկաների համար նախատեսված կոնտեյների մեջ.

3) կենսաբանական հեղուկների արտահոսքից խուսափելու նպատակով փակվում են դիակի բերանի խոռոչը և քթանցքները.

4) դիակի մշակման ժամանակ առաջացած բոլոր թափոնները հավաքվում և ոչնչացվում են՝ ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանով սահմանված պահանջների համաձայն.

5) պարկը մշակվում է քլորակրով կամ քլոր պարունակող համապատասխան ախտահանիչներով:

2. Պահպանելով անհատական պաշտպանության անհրաժեշտ միջոցները՝ պարկով դիակը դիատարով տեղափոխվում է բժշկական հաստատության դիակի ժամանակավոր պահման վայր, որտեղ դրսից փակցվում է վարակիչ վտանգի մասին մատնանշող միջազգային խորհրդանիշ:

3. Դիակի ժամանակավոր պահման վայրում ախտահանվում է պարկի արտաքին մակերևույթը: Դագաղի ներսը ևս ախտահանվում է քլոր պարունակող ախտահանիչներով:

4. Մահվան մասին բժշկական վկայականը հանգուցյալի հարազատին տրամադրելուց հետո դիակը հարազատին է հանձնվում փակ դագաղով:

 5. Դիակը հարազատին հանձնելուց հետո դիակի ժամանակավոր պահման վայրը ամբողջությամբ ախտահանվում է:

6. Դիակի տեղափոխումը իրականացվում է դագաղով, որում դիակը շարունակում է մնալ պարկի մեջ: Դագաղն արգելվում է բացել տեղափոխման և հուղարկավորության ցանկացած փուլում:

 7. Դիակը տեղափոխող տրանսպորտային միջոցն ախտահանվում է:

8. Հանգուցյալին անհրաժեշտ է հնարավորինս շուտ հուղարկավորել (48-72 ժամից ոչ ավել) և խուսափել բազմամարդ հոգեհանգիստներից:

Մահացած անձի իրերի ախտահանումը

 9. Մահացած անձի իրերը վառելու անհրաժեշտությունը բացակայում է: Դրանք անհրաժեշտ է զգուշորեն վերցնել պաշտպանիչ ձեռնոցներով, մաքրել և ախտահանել առնվազն 70% էթանոլով կամ այլ ախտահանիչ նյութով՝ առաջնորդվելով համապատասխան հրահանգով:

10. Մահացած անձի հագուստն անհրաժեշտ է լվանալ 60−90°C ջերմաստիճանի ջրով և լվացքի փոշիով:

11. Լվացքի մեքենայով լվանալու հնարավորության բացակայության դեպքում մահացած անձի հագուստը կարելի է թրջել նույն ջերմաստիճանի ջրում՝ օճառով մեծ տարայի մեջ:

 12. Լվացքը պետք է խառնել մեծ փայտիկով՝ զգուշանալով տարայից դուրս կաթիլների թափվելուց: Տարան դատարկելուց հետո հագուստի վրա անհրաժեշտ է ավելացնել 0.005% քլորի հիմքով ախտահանիչ և 30 րոպե անց լվանալ արդեն մաքուր ջրով, ապա՝ հագուստը չորացնել արևի ճառագայթների ներքո:

 

Դիտվել է 4662անգամ
Վերջին լուրեր