04 / Մարտ / 2021 : 11-44

Եթե ինձ կալանավորեն, հազարավոր մարդիկ կան, որ կշարունակեն այդ պայքարը․ Վազգեն Մանուկյան

Համաժողովրդական կոչ է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Ես ժողովրդի այդ պահանջն իրականացնողներից մեկն եմ և ցանկացած վիճակում կշարունակեմ հետապնդել ժողովրդի այդ ցանկությունը, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Եթե ինձ կալանավորեն, հազարավոր մարդիկ կան, որ կշարունակեն այդ պայքարը, որովհետև դա իմ քմահաճույքը չի։ Այս պայքարն իսկապես համաժողովրդական փրկության միակ ելքն է՝ ազատվել այս վարչապետից, կառուցել նոր, դեմոկրատական, ազգային պետություն։ Դա ժողովրդի ցանկությունն է, և ժողովուրդն իր ցանկությունը կկատարարի անկախ նրանից՝ ես կալանավորված եմ, թե ոչ», - ասաց Վազգեն Մանուկյանը։

Նշենք, որ վերջինս հրավիրվել է ՔԿ՝ հարցաքննության։ Վազգեն Մանուկյանի արած հայտարարությունների կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Գործն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու նպատակով:

Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ չի ընդունում իրեն առաջադրած միեղադրանքը՝ նշելով նաև, որ դա քաղաքական հետապնդում է։

Դիտվել է 5773անգամ
Վերջին լուրեր