08 / Մարտ / 2021 : 18-54

«Մենք դեռ նախորդ շաբաթ սպասում էինք գերիների վերադարձին»․ Նազելի Բաղդասարյան

Որոշակի գործընթացներ կային, և մենք դեռ նախորդ շաբաթ սպասում էինք գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձին, բայց նաև «թույլ տվեք ասել, որ որոշակի ներքաղաքական զարգացումները դրանց խոչընդոտեցին, իսկ այսօր ցավոք սրտի տասնյակներով հայրենակիցներ ունենք, որոնք գտնվում են գերության մեջ»։ Այս մասին 1in.am–ի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

«Մենք որոշակի զարգացումներ ունեինք և որոշակի պայմանավորվածություններ կային, հիմա արդեն պոստ ֆակտում կարող եմ այդ մասին խոսել, հարազատներից շատերը տեղյակ էին, որ գործընթաց գնում էր։

Այո, մենք ակնկալիք ունեինք վերադարձի, ես սա չեմ ժխտի,  բայց այդ պահից կանգ էին առել բոլոր տեսակի գործընթացները, և սա էր պատճառը, որ նախորդող շաբաթվա ընթացքում որոշակի զարգացումներ տեղի ունեցան՝ մասնավորապես օրինակ Գյումրիում կապված Խծաբերդի գերիների հետ, այնուհետև նախորդող շաբաթվա ընթացքում հանդիպում եղավ վարչապետի հետ, անգամ այց եղավ Գյումրի, որոնք իրավիճակը փորձեցին ներկայացնել այնպես, ինչպես կա և մեր խնդիրն է այդ ելակետից շարունակել մեր աշխատանքները»,–ասաց նա և նշեց, որ կռիվ են տալիս յուրաքանչյուր քաղաքացու վերադարձի համար։

 

Պատգամավորը նշեց, որ որքան էլ կարևոր լինի Ռուսաստանի ներգործությունը՝ որպես հայտարարությունը ստորագրող երրորդ կողմ, կարևոր է նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը և այդ իսկ պատճառով տարբեր ուղղություններով են աշխատում։

«Այսօր, ցավոք սրտի, գերության մեջ կան կանայք, և այս հարցով Ազգային ժողովը, դերակատարություն ունենալով, դիմել է մեր գործընկերներին, առաջիկայում սպասում ենք, որ որոշակի դրական հանգուցալուծում կլինի Ադրբեջանի կողմից հաստատված գերության մեջ գտնվող մեկ կնոջ նկատմամբ։ Չեմ ուզում ժամանակից առաջ անցնել, բայց մեկ-երկու օրվա զարգացումները մեզ հույս են ներշնչում, որ առաջընթաց կունենանք այս հարցում»,–ասաց նա։

Նազելի Բաղդասարյանը նշեց, որ ցանկացած դեպքում Ադրբեջանից ակնկալում են եռակողմ հայտարարության բոլոր կետերի ի կատար ածում։ «Սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանի ղեկավարության շատ ռազմատենչ հայտարարությունները երբեմն անհիմն, անպատասխանատու հայտարարությունները այստեղ՝ Հայաստանում, ներքաղաքական լարվածություն են ստեղծում։ «Բայց մենք վերահաստատում ենք, որ մենք միտված ենք մեր քայլերով պարտադրել, որպեսզի Ադրբեջանը ի կատար ածի բոլոր կետերը»,– ասաց նա և նշեց, որ հումանիտար հարցերը պետք է լինեն առաջնային։

Դիտվել է 7518անգամ
Վերջին լուրեր