Վարչապետը միջնորդություն է ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
Արտակ Դավթյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը: 2020 թվականի հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է այդ պաշտոնից: Դավթյանը 2021թ. մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարություններով ավագ սպա:
Հիշեցնենք, որ Կառավարության կայքում այսօր հայտարարություն էր տարածվել, որով ասվում էր, որ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասը և նույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը` 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից:
Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ Օնիկ Գասպարյանը, որում նշում էր, որ Իր դիրքորոշումն անփոփոխ է․ ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են․ դիմել եմ ՀՀ վարչական դատարան։
Օնիկ Գասպարյանի հայտարարությունց հետո հայտարարություն տարածեց նաև Գլխավոր շտաբը՝ նշելով, որ ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։