18 / Ապրիլ / 2020 : 15-55

Պատգամավորի պատասխանատվությու՞նն է ավելի բարձր, թե՞ զինծառայողի

Ապրիլի 17-ին Ազգային ժողովի միջանցքում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ԱԺ նաժագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով տխրահռչակ պարգևավճարներին ու դրա արձագանքներին, հայտարարեց, որ որքան մեծ է մարդկանց ստանձնած պատասխանատվությունը, այնքան պետք է բարձր լինի նրանց աշխատավարձը:

Ինչ խոսք, այստեղ տարակույս լինել չի կարող, մանավանդ այն բանից հետո, երբ Լենա Նազարյանն ամենայն անկեղծութւամբ հայտարարեց` այդ մարդիկ ստրուկ չեն, որ 500 հազար դրամով աշխատեն: Այս քեզ բան իմաստության, ծաղկունք մտքի, կայծակ հանճարի: Բայց, ինչպես ասում են, այստեղ հարցեր կան, որոնք ճիշտ պատասխանները դուր չեն գա ոչ Լենա Նազարյանին, ոչ էլ Արարտ Միրզոյանին:

Օրինակ` Արարտ Միրզոյանը կարո՞ղ է ծանրութեթև անել ու կողմնորոշվել` պատգամավորի վրա դրված պատասխանատվությու՞նն է ավելի բարձր, թե՞ սահմանը հսկող զինվորի: Կամ, ենթադրենք, Լենա Նազարյանը կարո՞ղ է բացատրել, որ եթե 500 հազար դրամ ստացող պետական պաշտոնյան ստրուկ է, ապա ի՞նչ կարգավիճակ առաջարկել հաճախ այդ 500 հազարի կեսից էլ քիչ վճարվող սահմանը հսկող զինվորին, որը, եկեք ընդունենք, անհամեմատ ավելի լուրջ գործով է զբաղված, քան Աժ պատգամավորների ճնշող մեծամասնությունը:

Սա ի՞նչ մոտեցում է, և ո՞վ է Լենա Նազարյանին սովորեցրել այդ բառապաշարով մոտենալ նման կարևոր հարցին: Վերջին հաշվով` ինքն ու Արարատ Միրզոյանը չեն մոռացել, չէ՞, որ 2018 թ, Նիկոլ Փաշինյանը նաև իրենց անունից հայտարարել է, որ պատգամավորները ժողովրդի վարձու աշխատողներն են: Հո դեմ չե՞ն, եղել, չէ՞, նմա բան: Այսինքն, այսօր, երբ պատգամավորների գործատերերը գտնում են, որ նրանց տրամադրվող աշխատավարձերն ու պարգևավճարները չափից ավելի բարձր են, Լենա Նազարյանն ինչու՞ է վիրավորվում կամ Արարատ Միրզոյանն ինչու՞ է փորձում ծեփել իրավիճակը` մերժելով Նիկոլ Փաշինյանի առաջարակած հեղափոխական ծրագրերը: Ի՞նչ է փոխվել այս երկու տարվա ընթացքում: Չափը: Ցավով եմ արձանագրում, բայց այս երկու տարվա ընթացքում չափի զգացողությունն է փոխվել, իսկ, որքան հիշում եմ, Արարատ Միրզոյանի աթոռը նախկինում զբաղեցնողներից մեկն ասում էր` չափն անցնելով անչափ չեք դառնում:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

yelaket.am

Դիտվել է 4478անգամ
Վերջին լուրեր