18 / Մարտ / 2021 : 14-38

Արցախը, ավելի ճիշտ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան

Պահանջվեց մի ամբողջ արյունալի պատերազմ հսկայական զոհերով և հայրենազրկմամբ, որպեսզի ժողովրդի աչքերը բացվեին, որպեսզի մարդիկ հասկանային այս իշխանության մտադրություններն ու էությունը։ Երևանի ընդհանուր իրավասության բակում  ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Հիշո՞ւմ եք, անցած տարի հենց այստեղ ես ասացի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ոմանք չհասկացան, թե ինչու չեմ խոսում անհեթեթ դիզելի գործի մասին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին: Ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք նույնիսկ փորձեցին հեգնել: Բայց մենք ձեզ հետ միասին զգում էինք, տեսնում էինք, կանխատեսում էինք, թե ինչի համար են այս հետապնդումները, այս ապօրինությունները։ Այս ապօրինությունները ոչ միայն իմ նկատմամբ էին, կային շատ ճչացող ապօրինություններ։ Այս հետապնդումները, ինչպես արդեն հրապարակավ ասել եմ, 2018 թվականից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել Արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը և մեր ազգային իղձերը»,- ասաց Սերժ սարգսյանը։

Սարգսյանը հիշեցրեց, որ երկու տարի առաջ կարվեց մի քրեական գործ, որի շրջանակներում իրեն մեղադրանք առաջադրվեց եւ գործն ուղարկվեց դատարան:

 

 

Սերժ Սարգսյանը նար ուղերձ հղեց. «Այսօր եւս ցանկանում եմ մի ուղերձ հղել, ուղերձ հանուն վերջին 33 տարիներին Հայաստանի ինքնիշխանության համար զոհված հերոսների, հանուն թափված արյան, հանուն մեր հայրենիքի արցախյան հատվածի եւ Հայաստանի ապագայի համար: Բոլոր նրանք, որոնք համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է, լինեն Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, պետք է հասկանան, որ Արցախը ավելի ճիշտ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ցավոք սրտի, հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց ես տեսնում եմ այդ ողբերգությունից հառնելու ճանապարհը:

Կապիտուլյանտները պետք է հեռանան: Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի ՀՀ անվտանգության եւ մեր քաղաքացիների բարեկեցության բարձրացման գործին: Այլընտրանք չկա»,- հայտարարեց նախկին նախագահը:

Նա նաեւ շնորհակալություն հայտնեց ներկաներին իրեն սատարելու համար. «Ես ուզում եմ խնդրել, որպեսզի չսպասեք մինչեւ դատական նիստի ավարտը, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրը, հատկապես այս իրավիճակում, ունի նաեւ բազմաթիվ այլ գործեր: Ուզում եմ բոլորս միասին գոչենք՝ կեցցե Հայաստանը»,-ասաց նա:

Դիտվել է 10339անգամ
Վերջին լուրեր