Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Մարտ / 2021 : 17-07

Վարչական դատարանի կայացրած ակտը հարկադիր կատարման ենթակա չէ, մենք կունենանք նոր շտաբի պետ. Ռուստամ Բադասյան

Վարչական դատարանը, հայցի ապահովման որոշումը կայացնելիս, վերջնական դիրքորոշում չի արտահայտում, այլ ցանկացած հայցի ապահովում, որն ընդունվում է, նպատակ է հետապնդում, եթե վերջնական դատական ակտի կատարումը կարող է անհնարին դառնալ կամ դժվարացնել,  ձեռնարկել հայցի ապահովման միջոցներ։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով Օնիկ Գասպարյանի պաշտոնականություն հետ կապված Վարչական դատարանի կայացրած ակտին, ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Որքանով հասցրել եմ ծանոթանալ որոշ փաստաթղթերի, խոսքն այն մասին է, որ բավարարվել է հայցի ժամանակավոր բավարարում, հայցի ապահովման միջոցը եւ դատարանի կողմից ճանաչվել է իրավահարաբերության բացակայությունը։ Հարկ է նշել, որ ունենք Սահմանադրությամբ ամրագրված հատուկ կարգավորումներ, սահմանադրական նորմի գործողություն, որի կապակցությամբ որեւէ շրջադարձ կամ որեւէ կասեցում նման սահմանադրական նորմերի գործողության, սահմանադիրը չի նախատեսել։

Գիտեք, որ վարչապետի կողմից սահմանադրական նորմի հիման վրա ներկայացվել է ԳՇ պետին պաշտոնից ազատման առաջարկություն, այդ առաջարկին կցվել է նախագահի հրամանագրի նախագիծը ինչպես պահանջում է Սահմանադրությունը եւ ՀՀ օրենսդրությունը: Նախագահի կողմից ներկայացվել է առարկություն, որը չի տընդունվել վարչապետի կողմից: Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ կանոնակարգում ունի, որ այդ ակտը իրավունքի ուժողվ ուժի մեջ է մտնում: Այս սահմանադրական նորմը որեւէ շրջադարձի հնարավորություն թույլ չի տալիս: Այդ կոնտեքստում գործ ենք ունեցել այնպիսի գործընթացի ավարտի հետ, ըստ որի ԶՈՒ ԳՇ պետն ազատված է զբաղեցրած պաշտոնից: Վարչական դատարանի որոշումը որեւէ հարկադիր կատարում չի ենթադրում: Սահմանադրական նորմերը հնարավոր չէ այնպես մեկնաբանել, որ հնարավոր լինի բերել նախկին իրավիճակի»,-ասաց Բադասյանը:

 

Ռուստամ Բադասյանը անդրադարձավ նաև պատասխանող կողմի գործողություններին. «Հայցի ապահովման դեպքում գործում է այն ռեժիմը, որ դատական կողմը կարող է դիմել հայցի ապահովումը փոփոխելու կամ վերացնելու պահանջով, որը քննվում է 10-օրյա ժամկետում: Ե՛ւ կառավարությունը ե՛ւ նախագահը պատասխանող են եւ կարող են օգտվել դատավարական այդ իրավունքից»։

Ինչ վերաբերում է ԳՇ պետի պաշտոնում առաջարկված Արտակ Դավթյանի հետ կապված ընթացակարգին, Բադասյանը ընդգծեց,  որ գործ ունենք նույն նորմի հետ. «Առաջարկը արդեն ներկայացված է, արդեն նախագահի կողմից եղել է հայտարարություն,  որ չի ստորագրելու, հետեւաբար գործընթացը ընթացքի մեջ է: Ժամկետները հոսում են եւ գործադիրի կամքից կախված որեւէ գործընթաց չկա: Սահմանադրությամբ նախատեսված՝ իրավունքի ուժով վրա է հասնելու նշանակումը։ Այն հայտարարությունը, որ վարչապետը անում է, ոչ թե ընդունվում կամ հաստատվում է նոր ակտ, այլ արձանագրվում է Սահմանադրության դրույթի ուժի մեջ մտնելու հանգամանքը։ Գործադիրի կամքից որեւէ գործընթաց կախված չէ, այսինքն՝ կունենաք նոր շտաբի պետ»:

Դիտվել է 12736անգամ
Վերջին լուրեր