Կոմունիկացիաների բացումը ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան
Հայ-ադրբեջանական խնդիրը չի կարող հեշտությամբ լուծվել, բայց պետք է առաջ գնալ, իսկ առաջ գնալու ձևը տարածաշրջանի կոմունիկացիաների և ճանապարհների բացումն է: Այս մասին Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Կոմունիկացիաների բացման թեման փոխշահավետ թեմա է, եթե որևէ մեկը կասի, որ այդ ճանապարհների բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին կամ միայն Հայաստանին, չհավատաք, կոմունիկացիների բացումը առավելևս այս իրավիճակում ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ այս հարցի վերաբերյալ շահարկումները շատ են լինելու:
Փաշինյանը նշեց՝ պետք է քայլ արվի և կոմունիկացիաները բացվեն, որովհետև դա ձեռնտու է Ադրբեջանին, որովհետև նա պետք է կոմունիկացիոն կապ ստանա Նախիջևանի հետ, և ձեռնտու է Հայաստանին, որովհետև մենք պետք է հուսալի երկաթուղային կոմունիկացիա և ցամաքային կապ ստանանք երկաթուղիով ՌԴ-ի և ԻԻՀ-ի հետ:
«Դա նշանակում է, որ մեր երկրի տնտեսությունը էականորեն կարող է փոխվել»,- ասաց Փաշինյանը: