Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Մարտ / 2021 : 17-07

Ինչպես են հայ ռազմագերիների հետ վարվել Ադրբեջանում. HRW-ն նոր մանրամասներ է հրապարակել

Ադրբեջանի զինված ուժերը անթույլատրելի վերաբերմունք են ցուցաբերել հայ ռազմագերիների նկատմամբ, որոնք գերեվարվել են 2020 թվականին՝ արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում։ Այդ մասին մարտի 19-ին հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։ Գերիները դաժան և նվաստացուցիչ վերաբերմունքի ու խոշտանգման են ենթարկվել, ինչպես գերեվարումից հետո, այնպես էլ տեղափոխման և պահման վայրերում գտնվելու ժամանակ։ Իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հետաքննել գերիների նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքի մասին բոլոր ահազանգերը և անմիջապես ազատ արձակել մյուս ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։ 

«Այդ խախտումները, ընդհուպ խոշտանգումներ, որոնց ենթարկվել են հայ գերիները, վրդովմունք են առաջացնում և համարվում են ռազմական հանցագործություն։ Խորապես մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ Բաքուն մինչ օրս տեղեկություններ չի տրամադրել մի շարք հայ զինծառայողների ճակատագրի մասին, որոնք անհետ կորել են ադրբեջանցի զինծառայողների կողմից գերեվարվելուց հետո»,- հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը։

Իրավապաշտպան կազմակերպությունը հարցազրույցներ է վերցրել չորս հայ նախկին ռազմագերիներից, որոնք մանրամասն պատմել են գերեվարման ընթացքում իրենց նկատմամբ խոշտանգումների և ծեծի շարունակական դեպքերի մասին։ Նրանից մեկը նշել է, որ իրեն ծակել են երկաթյա սուր ձողով, մյուսը պատմել է, որ իրեն տանջել են հոսանքով, իսկ մեկ ուրիշն էլ պատմել է կրակայրիչով բազմաթիվ այրվածքներ ստանալու մասին։

Գերության առաջին օրերին նրանք պահվել են մարդկային արժանապատվությունը նվաստացնող պայմաններում։ Նրանց նկատմամբ ցուցաբերել են դաժան վերաբերմունք, գրեթե ջուր չեն տվել և գրեթե կամ ընդհանրապես չեն կերակրել։

Իրավապաշտպան կազմակերպությունը փաստում է, որ սոցիալական ցանցերում ուսումնասիրել է հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը վկայող տեսանյութերը, զրուցել գերությունից վերադարձած զինծառայողների, նրանց հարազատների, ինչպես նաև այն գերիների հարազատների հետ, որոնք դեռևս չեն վերադարձել հայրենիք։ Բացի այդ, կազմակերպությունն ուսումնասիրել է նաև բժշկական բազմաթիվ փաստաթղթեր։

Human Rights Watch-ը պնդում է, որ ուսումնասիրությունների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ շարունակում է պահպանվել վտանգը, որ ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիները կարող են ենթարկվել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի։  

Human Rights Watch-ի զրուցակից բոլոր նախկին ռազմագերիները գերեվարվել են վիրավորում ստանալուց հետո։ Վերջինիս տվյալներով՝ պատերազմի ընթացքում իրենք գրանցել են միայն մեկ դեպք, երբ ադրբեջանցի սպան առաջին բուժօգնություն է տրամադրել հայ զինվորին, իսկ մի դեպքում էլ ադրբեջանցի սպան հայ գերիներից մեկին ցավազրկող է տվել։  

 

Չորս ռազմագերիներից երեքին ծեծել են ադրբեջանցի զինծառայողները՝ գերեվարությունից անմիջապես հետ և/կամ պահման առաջին վայր տեղափոխման ընթացքում։ 19-ամյա Դավիթը (խմբ. անունը փոխվել է Human Rights Watch-ի կողմից) պատմել է, որ ադրբեջանցի սպան, որն իրեն գերեվարել է հոկտեմբերի 15-ին Հադրութի մոտ, իր նկատմամբ մարդկային վերաբերմունք է ցուցաբերել՝ տրամադրելով առաջին բուժօգնություն, ջուր և տեղափոխել ադրբեջանական մոտակա ստորաբաժանման մոտ։ Իրավիճակը կտրուկ փոխվել է, երբ նրա հետևից մեքենա է եկել, որը նրան պետք է տեղափոխեր Բաքվի հոսպիտալներից մեկը։ Վերջինս այնտեղ մի քանի օր է անցկացրել։ 

Բաքվում Դավիթին կապել են, դեմքով դեպի հատակը պառկեցրել, իսկ ձեռքերին ձեռնաշղթաներ են անցկացրել։ Ադրբեջանցի սպաներից մեկը սկսել է հայհոյել և ծեծել նրան, այնուհետ՝ կրակայրիչով այրել ձեռքերը։ Բաքվի հոսպիտալ հասցնելուց հետո նրան տեղավորել են սենյակներից մեկում, որտեղ ձախ ձեռքն ամրացված է եղել մահճակալին, իսկ երկու անձ շուրջօրյա հսկողություն են իրականացրել։ Բժիշկների բացակայության ժամանակ նրան ծեծել են՝ հիմնականում հարվածելով գլխին։

20-ամյա Տիգրանն էլ գերի է ընկել հոկտեմբերի 20-ին Հադրութի շրջանում՝ ութ այլ զինծառայողների հետ միասին։ Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվել են տեսանյութեր, որտեղ ադրբեջանցի զինծառայողները քարշ են տալիս գերիներին, թքում և ոտքերով հարվածում նրանց։ «Անմիջապես սկսեցին ծեծել, և դա շարունակվեց երեք ժամ կամ մոտավոր այդքան։ Նրանց հրամանատարներն արգելում էին դա, բայց երբ նրանք ինչ-որ տեղ էին գնում, ամեն ինչ նորից էր սկսվում… Մեզնից մեկին բահով են հարվածել՝ ասելով, որ քո գերեզմանն ես փորել։ Նա այնքան վախեցած էր, որ, իրոք, սկսեց փորել»,- պատմել է Տիգրանը։

Չորս գերիներից երեքը 3-5 օր հսկողության տակ պահվել են Բաքվում։ Տղաները նշել են, որ, հավանաբար, իրենց պահել են ռազմական ոստիկանությունում։ Նրանցից երկուսը, առանձին հարցազրույցների ժամանակ, պատմել են, որ իրենց պահել են տարբեր սենյակներում։ Ընդ որում՝ նրանցից մեկը եղել է հայ մեկ այլ գերու հետ։ Բոլոր երեքը պնդել են, որ իրենց կապել են այնպես, որ չեն կարողացել պառկել, չեն տվել ներքնակ ու ծածկոց։ Օրական մեկ անգամ նրանց շարքով ուղեկցել են զուգարան, որտեղ հնարավորություն են ունեցել ծորակից ջուր խմել։ Այնտեղ նրանց չեն կերակրել։ Չի տրամադրվել նաև բժշկական օգնություն։ Պարբերաբար նրանց սենյակներ են եկել աշխատակիցները, որոնք գերիներին հայհոյել են, ծեծել, հարվածներ հասցրել ոտքով և փայտե ձողերով։

«Ես գրեթե չէի քնում։ Լինում էր, որ անջատվում էի, իսկ նրանք մտնում և հարվածում էին այնպես, որ դրանից հետո չես կարողանա արդեն քնել… Խմբերով էին մտնում՝ երկուսից չորս հոգի։ Նրանցից մեկն ինձ վրա իր ձողը ջարդեց։ Հարվածն այնքան ուժեղ էր, որ որոշ ժամանակ թևս չէր աշխատում։ Չորրորդ օրն այնպես ծեծեցին, որ երկու կողերս կոտրվեցին»,- Human Rights Watch-ին պատմել է Դավիթը։

45-ամյա Հովհաննեսը, որը գերեվարվել է հոկտեմբերի 19-ին, այդ նույն վայրում մնացել է երեք օր։ Նրա խոսքերով՝ օրական մի քանի անգամ սենյակ է մտել 5-10 աշխատակից, որոնք իրեն ոտքերով, ձողերով և մահակներով հարվածել են։ Գիշերը մոտ երկու ժամ նրան ստիպել են վարժություններ անել և ասել, որ վատ է անում ու այդ պատճառով ծեծել։ Նրանք նաև Հովհաննեսին հրամայել են պառկել դեմքով դեպի հատակը և անշարժ մնալ, որից հետո հեռացել են։ Վերադառնալով՝ սկսել են ծեծել՝ պատճառաբանելով, թե փոխել է իր դիրքը։ Բոլոր երեք օրերի ընթացքում նրան չեն կերակրել, իսկ եթե նկատել են, որ քնած է, արթնացրել են։ 

31-ամյա Լևոնը գերեվարվել է հոկտեմբերի 22-ին Մատաղիսում՝ յոթ այլ զինվորների հետ։ Լևոնն ունեցել է մի քանի վնասվածք, սակայն դրան ուշադրություն չեն դարձրել ադրբեջանցի զինվորականները՝ բազմիցս ծեծել են։ «Դա սկսվեց, երբ մեզ հասցրեցին Բաքվի ռազմական ոստիկանություն։ Սկզբում 1,5-2 ժամ անդադար ծեծել են։ Յուրաքանչյուրին ծեծում էր երկու-երեք մարդ։ Դրանից հետո բաժանեցին խցերով։ Խմբերով գալիս էին, ծեծում, այդպես օրական մի քանի անգամ։ Որևէ հարցաքննություն չի եղել, որևէ հարց չէին տալիս, բացի նրանից, թե ինչու եմ եկել պատերազմելու։ Մեզ ցույց էին տալիս Գյանջայի կադրերը, բղավում, ծեծում։ Վիրավորում էին, մեղադրում առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի խաղաղ բնակչության մահվան մեջ և ծեծում… Ես ասում էի՝ լսեք, ես այն ժամանակ երկու տարեկան եմ եղել...Եթե ուզում եք ինչ-որ բան հարցնել, հարցրե՛ք, եթե ուզում եք սպանել, սպանե՛ք։ Բայց պետք չէ ինձ հետ այդպես վարվել»,- պատմել է Լևոնը։

Ավելի ուշ, բոլոր չորս նախկին ռազմագերիներին տեղափոխել են Ադրբեջանի ազգային անվտանգության Բաքվի մեկուսարան, որտեղ մի քանի շաբաթ շարունակ նրանց հետ աշխատել են Ադրբեջանի ազգային անվտանգության աշխատակիցները։ Նախկին գերիների խոսքերով՝ նրանց այնտեղ օրական երեք անգամ կերակրել են, չնայած սննդի չափաբաժինը փոքր է եղել և որոշակի բուժօգնություն տրամադրել։ Սակայն հարցաքննությունների ընթացքում նրանց ծեծել են, ոտքերով և մահակներով հարվածներ հասցրել։

Գերիներից Տիգրանն ասել է, որ իրեն երկու անգամ տանջել են հոսանքով։ Առաջին անգամ տեւել է մոտ 40 րոպե, իսկ երկրորդ անգամ՝ մոտ 10 րոպե։ Ծառայության աշխատակիցները կազմակերպել են տեսանկարահանումներ՝ ստիպելով նրանց հայտարարել, որ չէին ուզում պատերազմել Ղարաբաղում։ Նրանց նաև ստիպել են կատարվածի մեջ մեղադրել Հայաստանի կառավարությանը և հայտարարել, որ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Դավիթի խոսքերով՝ իրեն տվել են ամբողջական տեքստը, իսկ ցանկացած շեղման պարագայում խոստացել պատժել էլեկտրաշոկով։ 

Հովհաննեսը, ռազմական ոստիկանությունից հետո, Ադրբեջանի ազգային անվտանգությունում անց է կացրել շուրջ 50 օր։ Նրա խոսքերով՝ իրեն ծեծել են նույնիսկ բժշկի ներկայությամբ, ստիպել ամեն անգամ ասել «Ղարաբաղն Ադրբեջան է»։

Մի քանի շաբաթ անց գերիներից երեքին Ազգային անվտանգության մեկուսարանից տեղափոխել են Բաքվի Քյուրդախանը գյուղի մոտ տեղակայված թիվ 1 մեկուսարան։ Այնտեղի պայմանները նորմալ են եղել, իսկ իրենք ֆիզիկական բռնության չեն ենթարկվել։ Ինչ-որ պահի նրանց այցելել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, որոնց հաջողվել է կապ հաստատել գերիների հարազատների հետ։ Այդուհանդերձ, մեկուսարանի աշխատակիցները նրանց վիրավորել են, նշել, թե իբր ադրբեջանցիները գրավել են ողջ Արցախը և արդեն հարձակվում են Հայաստանի վրա, ինչը նրանց հոգեկան ծանր վիճակի մեջ է դրել։

Նյութն ամբողջությամ՝ Hetq.am-ում։

Դիտվել է 35795անգամ
Վերջին լուրեր