20 / Մարտ / 2021 : 18-33

Ես պարտությունն իմ վրա եմ վերցնում, որ դուք ձեզ պարտված չզգաք. Փաշինյանը` Ուջանում

 Արցախն այսօր թեկուզ վիրավոր, բայց կանգուն է, բնականոն կյանքը վերականգնվում է մեր նահատակների, մեր բանակի շնորհիվ: Այս մասին այսօր` մարտի 20-ին, Նիկոլ Փաշինյանն ասել է Ուջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Շատ ծանր օրեր ենք ապրել և ապրում ենք: Տեղի ունեցածից պետք է կարողանանք հետևություններ անել: Ես Ներքին Բազմաբերդում և Նոր Եդեսիայում ելույթներ եմ ունեցել, այստեղ նույնը չեմ կրկնի: Բայց ամենակարևոր արձանագրումը որ ուզում եմ անել սա է. ինչու՞ ընկան մեր նահատակները և հանուն ինչի՞: Արձանագրումը հետևյալն է. Արցախն այսօր թեկուզ վիրավոր, բայց կանգուն է, բնականոն կյանքը վերականգնվում է մեր նահատակների, մեր բանակի շնորհիվ: Մենք կանգնել, և մեր ժողովրդի ձգտումները պաշտպանել ենք մինչև վերջին վայրկյանը և պատերազմը դադարեցրել ենք այն ժամանակ, երբ շարունակելն այլևս իմաստ չուներ: Եվ խնդիր էր դրված մեր 25-30.000 զինվորների կյանքը փրկել, շրջափակման վտանգից ազատել»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին և քաղաքական գործընթացներին, ասաց, որ ինքը դեկտեմբերից արտահերթ ընտրություններ է առաջարկել, սակայն ընդդիմադիր ուժերը չեն համաձայնել:

«Դեկտեմբերից ասում եմ եկեք անենք արտահերթ ընտրություններ: Ասում են չէ, որովհետև իրենք չեն ուզում, որ ժողովուրդը որոշի: Բայց մենք ասել ենք մի բան. մենք ժողովրդից ստացած իշխանությունը կարող ենք հանձնել միայն ժողովրդին: Բայց մեր պրոբլեմը դատարաններն են:

Դատավորները 20 տարի Հայաստանում ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն չեն ունեցել: Մենք տվեցինք նրանց այդ հնարավորությունը, բայց նրանց մի մասը այդ հնարավորությունն օգտագործեցին, վազեցին հին տերերի մոտ, նրանց կամքը կատարելու: Եվ դրա համար պետք է պատժվեն: Բայց այսօր մեր ձեռքերը թուլացած են, պատերազմը մեծ հարված հասցրեց մեզ: Ես պարտությունն իմ վրա եմ վերցնում, որ դուք ձեզ պարտված չզգաք, պարտությունն իմն է: Ես մինչև վերջին վայրկյանը կկանգնեմ հանուն ձեր հաղթանակի: Պարտությունն ինձ, հաղթանակը՝ ձեզ»,-ասաց Փաշինյանը:

Դիտվել է 16673անգամ
Վերջին լուրեր