Թուրքիայի ջրամբարաշինությամբ պայմանավորված՝ Արաքս գետի ջրային ռեսուրսները զգալիորեն նվազել են
Հայաստանը ջրային ռեսուրսների խնդիր ունի Արաքսի, Ախուրյանի հատվածում՝ պայմանավորված Թուրքիայի կողմից իրականացվող ջրամբարաշինությամբ: Ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը նշեց, որ պատահական չէ, որ այսօր Ախուրյանի ջրամբարում ունենք մոտ 100 մլն խմ պակաս ջուր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
«Նույն պատկերն ունենք նաև Արաքս գետի ավազանում: 2012 թվականից սկսած, Թուրքիայի տարածքում ջրամբարների կառուցմամբ պայմանավորված, Արաքս գետի ջրային ռեսուրսները նվազել են 30-40 տոկոսով»,-ասաց Լևոն Ազիզյանը:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ-ի խոսքով, լուրջ խնդիր է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրային ռեսուսրների խոցելիությունը: 1994 թվականից, գրեթե բոլոր տարիներին նկատվում է ջերմաստիճանի շարունակական բարձրացում:
«Քանի որ ջերմաստիճանը բարձր է, լեռնային հատվածներում տեղումները հիմնականում լինում են անձրևի տեսքով: Ունեցել ենք տարիներ, որ մինչև 2000, 2100 մետր բարձրության վրա ձմեռային ամիսներին անձրև է եկել: Ձնակուտակման պրոցեսը քիչ է տեղի ունենում: Համաձայն կանխատեսումների, մենք 2040 թվականին ունենալու ենք ջրային ռեսուրսների խոցելիություն, նվազում մոտ 15 տոկոսով, 2070 թվականին 20-25 տոկոսով նվազում է կանխատեսվում»,-ասաց Լևոն Ազիզյանը:
Մասնագետը հորդորում է ջրի ամեն մի կաթիլը խնայողաբար օգտագործել, աշխարհում մոտ 2 մլրդ մարդ անվտանգ ջրի խնդիր ունի: Նա կարևորեց ուսուցողական ծրագրերն ու միջոցառումները՝ ընդգծելով թե ջրային ռեսուրսների, թե շրջակա միջավայրի պահպանությունը: