26 / Մարտ / 2021 : 18-31

Դատավորը 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու է. Քոչարյանի պաշտպան

 

ՍԴ-ն արձանագրեց եւ Սահմանադրությանը հակասող ճանաչեց չարաբաստիկ 300.1 հոդվածը, ՍԴ-ն ընդգծելով Սահմանադրության 78 եւ 49 հոդվածները, դրանով իսկ որոշակիություն մտցնելով: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը:

«Ես ցավում եմ, որ սա տեւեց 3 տարի, որ այս ամեն ինչը իրավական պրոցեսների տանջանք, դաժան, բարդ ճանապարհ արդյունք էր, բայց ի վերջո, ճշմարտությունը հաղթեց»,-ասաց նա:

Վարդեւանյանը հիշեցրեց, որ 2018-ի սեպտեմբերից իրենք նշում էին 300.1 հոդվածի ոչ որոշակի լինելու մասին. «Ափսոս, որ դա 2021 թվականին արձանագրվեց: Բարձր դատարանը գտնվեց իր բարձրության վրա: Սա նշանակում է, որ 300.1 հոդվածով ինչպես ի սկզբանե չէր կարող լինել քրեական հետապնդում, այդպես էլ այդ քրեական հետապնդումը դադարեցվելու է: ՍԴ-ի որոշումը մտնում է ուժի մեջ հրապարակման պահից: Այն կհրապարակվի երեք օրվա ընթացքում: Պարոն Խունդկարյանը պատճառբանական մասի հետ կապված ունի հատուկ կարծիք եւ փաստորեն ՍԴ-ի մյուս դատավորները հատուկ կարծիք չունեն:

Դատավոր Աննա Դանիբեկյանը 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու է: ՍԴ-ի որոշման ուժով, բոլոր ակտերը, որոնք վերաբերում են 300.1 հոդվածին, ընդունման պահից ի վեր ուժ չունեն եւ ենթակա են վերանայման՝ 2019 թվականից սկսած: Քրեական օրենսգրքում այլեւս 300.1 հոդված չկա, իսկ եթե չկա հոդված, չկա նաեւ հանցանք»,-ասաց պաշտպանը:

Նա հավելեց, որ դատական նիստին իրենք փաստաբանական թիմով կներկայացնեն միջնորդությունը:

 

Դիտվել է 37963անգամ
Վերջին լուրեր