29 / Մարտ / 2021 : 17-34

ԱԳՆ. Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ չկան

Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ չկան: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2020 թվականին կատարված աշխատանքի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանում ադրբեջանցի գերիներ կան, եւ եթե չկան, ապա Երեւանն ունի՞ լծակներ, որպեսզի ստիպի Ադրբեջանին վերադառնալ կառուցողական հուն եւ հանձնել 188 հայ գերիներին:

Ի պատասխան՝ նախարարը նշեց, որ Երեւանը կատարում է իր բոլոր մարդասիրական պարտավորությունները:

«Դուք նշեցիք հայ գերիների թիվը, սակայն իրականում դա իրական թիվը չէ: Այո, այդ թիվը նշել է ՄԻԵԴ-ը: Այնուամենայնիվ, գերիների թիվը տարբերվում է այդ տվյալներից, սակայն ես հիմա դա չեմ հնչեցնի»,-հավելեց Այվազյանը:

Նախարարը նաեւ նշեց, որ միջազգային ճնշման արդյունքում Ադրբեջանը հասկացել է, որ գերիների վերադարձը կլինի կարեւոր քայլ դեպի վստահության մթնոլորտի ձեւավորում:  

Դիտվել է 12870անգամ
Վերջին լուրեր