30 / Մարտ / 2021 : 16-56

Գևորգ և Կարեն Գևորգյաններ․ եղբայրները միասին կռվել էին, միասին էլ զոհվել (տեսանյութ)

ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ․ ԳԵՎՈՐԳ և ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՆԵՐ


Գևորգ և Կարեն Գևորգյանները ծնվել էին Արմավիրի մարզի Խանջյան գյուղում։ Ավագը Գևորգն էր։ 2015 թվականից ծառայում էր ոստիկանության զորքերում։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր։

Կրտսեր եղբայրը՝ Կարենը, ծնվել էր 1998 թվականին։ Սովորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Ոստիկանության զորքերում էր 2019 թվականից։

2020 թվականի սեպտեմբերի 29-ին Գևորգ և Կարեն Գևորգյանները մեկնեցին Արցախ։ Շուրջ մեկ ամիս մասնակցեցին Քարվաճառի պաշտպանությանը։ Կարենը ժամկետային զինվորական ծառայությունն անցել էր Քարվաճառում։ Այդ հանգամանքը օգնում էր նրան ու ծառայակիցներին՝ արագ ու ճիշտ կողմնորոշվել տեղանքում։

Հոկտեմբերի 29-ին եղբայրները վերադարձել էին տուն։ Երևանում ծառայությունը շարունակում էին ոստիկանության զորքերի զորամասում։

«Նոյեմբերի 1-ին զորամասից եկան տուն. ժողով էր եղել։ Ասացին, որ առավոտ շուտ նորից գնալու են Արցախ։ Ես տեղյակ չէի, որ հրամանատարությունը մի եղբորն է կանչել։ Խնդրեցի Գևորգին, որ գոնե ինքը չգնա։ Ասացի՝ դու ընտանիք ունես, երեխա ունես։ Ասաց՝ ծառայություն է, պետք է գնանք», -պատմում է մայրը՝ Արևիկ Միքայելյանը։

 

Թեև եղբայրներից մեկը պիտի գնար Արցախ, այնուհանդերձ, նոյեմբերի 2-ին միասին մեկնեցին։ Այս անգամ մասնակցելու էր Շուշիի պաշտպանական մարտերին։

Ոստիկանության զորքերի զորախմբերից մեկն ընկնում է թշնամու շրջափակման մեջ։ Այնտեղ էր նաև Կարեն Գևորգյանը։ Շրջափակման մեջ Կարենը վիրավորվում է։

«Կարենը վիրավոր վիճակում շարունակել էր կռվել։ Գևորգը հեռու է եղել Կարենից։ Հրամանատարությունը չի թողել, ընկերները չեն թողել, որ Կարենին օգնության գնա: Ասել են, որ գնաս հասնես եղբորդ, զոհվելու ես, որովհետև նա արդեն թուրքերի մոտ է։ Սակայն Գևորգը չի ենթարկվել, գնացել ու հասել է եղբորը»,-հուզմունքը մի կերպ զսպելով՝ պատմում է մայրը:

Գևորգը հասել է եղբորը: Միասին շարունակել են կռվել: Շրջափակման մեջ Գևորգն ավելի ծանր վիրավորում է ստացել։ Իսկ օրեր անց եղբայրների մարմինները հայտնաբերվեցին կողք կողքի։ Միասին կռվել էին, միասին էլ զոհվել…

Գևորգյանների տան միակ լույսը Գևորգ Գևորգյանի դուստրն է՝ 1,5 տարեկան Արևիկը։ Բոլոր հյուրերին ցույց է տալիս հոր ու հորեղբոր լուսանկարները։ Արևիկի մորական պապը զոհվել է Արցախյան առաջին պատերազմում՝ Շուշիում, հայրը՝ Արցախյան երկրորդ պատերազմում՝ դարձյալ Շուշիում։ Արևիկը հերոսների ժառանգ է։ Իսկ հերոսների ոգին երբեք չի մեռնում։

Դիտվել է 61742անգամ
Վերջին լուրեր