Արա Այվազյանն անհապաղ լուծում պահանջող հարց է համարում հայ գերիների անվտանգ հայրենադարձումը

ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ
ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ առավել խորացնելու և ամրապնդելու Սուրբ Աթոռի հետ պատմական և հոգևոր համընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները: Մտքեր փոխանակվեցին սերտ երկխոսության և բարձր մակարդակով շփումների դինամիկայի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց ռազմական գործողությունների դադարեցմանը և պատերազմին հաջորդած շրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ֆրանցիսկոս Պապի կոչերը:

ՀՀ ԱԳ նախարարը Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին ներկայացրեց նաև թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Որպես անհապաղ լուծում պահանջող հարց՝ նախարարն շեշտեց ադրբեջանական կողմի պատանդառության մեջ գտնվող հայ գերիների անվտանգ հայրենադարձումը:
Ընդգծելով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության հրատապությունը՝ նախարար Այվազյանը խստագույնս դատապարտեց Ադրբեջանի իշխանությունների կողմից քրիստոնեական մշակութային արժեքների միտումնավոր պղծման և ոչնչացման քաղաքականությունը: Այս առնչությամբ կարևորվեց միջազգային հանրության գործուն միջամտությունը: