Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներում է կիրառվել
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներում է կիրառվել եւ նրա նկատմամբ վարույթը կարճվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Մհեր Հակոբյանից։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Վաչագան Ղազարյանին նոր մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ըստ նախաքննական մարմնի՝ Ղազարյանը, պետական միջոցները սեփական ընտանիքի շահերին ծառայեցնելու և այդ ուղղությամբ սեփական միջոցներից լրացուցիչ ծախս չկատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսության վարորդ Ս. Ա.-ին առաջարկել է պետական միջոցներից վարձատրություն ստանալով հանդերձ աշխատել որպես իր կնոջ և տան վարորդ: Ավելին՝ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ս. Ա.-ն 2015-2018 թվականների ընթացքում վարորդի ծառայություններ է մատուցել Վ. Ղազարյանի կնոջը, ինչով պայմանավորված՝ հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսությունում առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական որևէ պարտականություն չի կատարել: Չնայած դրան` Պետական պահպանության ծառայությանը հատկացված միջոցներից այդ ընթացքում Ս. Ա.-ին որպես աշխատավարձ, պարգևատրում և իրային բավարարում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 9.340.677 ՀՀ դրամ, որը Վ. Ղազարյանի կողմից ամբողջությամբ վերականգնվել է:
Արձանագրենք, որ, թեև գումարը վերականգնվել է, այդուհանդերձ, Ղազարյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ գումարը վճարել է միայն այն պատճառով, որ իրեն «հանգիստ» թողնեն։ Մեղսագրվող արարքի վրա համաներում է տարածվում և Ղազարյանը դեմ չի եղել, որ համաներում կիրառվի և քրեական հետապնդումը դադարեցվի, սակայն քննիչը դա դիտարկել է որպես միջնորդություն և հետաձգել դրա լուծումը, ավելին՝ քննիչը չէր նշել, թե ինչ հանգամանքներ պարզելու համար է հետաձգել այն, որևէ լուծում չկար։
Փաստաբանը դատական կարգով բողոքարկել էր Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցի քննարկումը հետաձգելու որոշումը, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի կողմից բավարարվել էր տարեսկզբին; Դատարանի այդ որոշումից հետո վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնել։