Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Ապրիլ / 2021 : 11-28

Ինչ եղանակ է սպասվում ապրիլին


     Ապրիլ  ամսվա  կլիմայական բնութագիրը և ամսվա եղանակի կանխատեսումը (2021)

ՇՄՆ Հիդրոոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ ապրիլ ամսին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում, այս մասին գրել է Գագիկ Սուրենյանը։

   Ապրիլին շարունակվում է ավելանալ արևի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը, սակայն  արևափայլի տևողությունը կազմում է հնարավորի 40-50%, որը բացատրվում է ապրիլին դիտվող զգալի ամպամածությամբ: Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում  կազմում է +4.7⁰C, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6⁰C:
  

Ամենացուրտն ամսվա առաջին տասնօրյակն է՝ +2.7⁰C (բարձր լեռնային շրջաններում դեռ գրանցվում  է բացասական ջերմաստիճան):
  

Ապրիլի կեսերին 2000 մետրից բարձր վայրերում դիտվում է օդի օրական միջին ջերմաստիճանի անցումը 0⁰C բարձր, որը համարվում է ձմռան ավարտ, տաք շրջաններում տեղի է ունենում օրական միջին ջերմաստիճանի անցումը 10⁰C բարձր: Ապրիլի առաջին տասնօրյակում բավականին մեծ են ջերմաստիճանային տարբերությունները` միջին ջերմաստիճանը Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում կազմում է +2.5…+3.0⁰C, Լոռիում, Տավուշում՝ +7…+8⁰C, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ +10…+12⁰C: Երկրորդ ասնօրյակում միջին ջերմաստիճանը +1.5…+2.0⁰C-ով բարձր է առաջին տասնօրյակի ջերմաստիճանից, սակայն լեռնային շրջաններում  դեռ հնարավոր է ջերմաստիճանի նվազում մինչև  -15…-20⁰C: Երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6.6⁰C:
  

Միջին առավելագույն ջերմաստիճանը Շիրակում գրանցվում է` +17...+20⁰C, Լոռիում` +20...+24⁰C, Տավուշում` +20...+25⁰C, Գեղարքունքիում` +13...+17⁰C, Արարատյան դաշտում` +25...26⁰C, Սյունիքում` +23...+29⁰C:
   Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը 2008թ ապրիլին  Սյունիքի հովիտներում հասել է +35…+36⁰C Արարատյան դաշտում` +33…+35⁰C, Տավուշում` +29…+30⁰C (Բագրատաշեն  32…34⁰C):

Ապրիլի առաջին տասնօրյակում հովտային շրջաններում գրանցված բացասական ջերմաստիճանը համարվում է ցրտահարություն, որը խիստ վտանգավոր է գյուղատնտեսության համար՝ այստեղ սկսվում է պտղատու ծառերի ծաղկումը, կատարվում է գյուղատնտեսական կուլտուրաների (հացահատիկի, կարտոֆիլի և այլն) ցանքը և տնկումը: 2004թ ապրիլի 5-ի գիշերը, գրանցված նվազագույն ջերմաստիճանները ցածր էին ապրիլին երբևէ գրանցված բացարձակ նվազագույն ջերմաստիճաններից՝ լեռնային շրջաններում գրանցվեց -16...-21⁰C (Մասրիկում`-23⁰C), Լոռիում` -11...-16⁰C, Տավուշում, Արարատյան դաշտում և Սյունիքի նախալեռներում` -5...-10⁰C, Սյունիքի հովիտներում` -2...-4⁰C):
  

Ապրիլին տեղումների  միջին քանակը կազմում է 77մմ, որը տարեկան տեղումների 12%-ն է: Տեղումների առավելագույն քանակը գրանցվում է  լեռնային շրջաններում (Ամբերդ, Գառնհովիտ, Սեմյոնովկա)` 100մմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում, Սյունիքի հովիտներում`  60-80մմ: Համեմատաբար քիչ տեղումներ գրանցվում են Արարատյան դաշտում` 30-50մմ: Ընդ որում այդ քանակը ամսվա ընթացքում բաշխվում է գրեթե հավասարաչափ: Տեղումներով օրերի թիվը կազմում է 10-15 օր: Բարձր լեռնային շրջաններում (2000մ-ից ավելի) տեղումները դիտվում են ձյան կամ թաց ձյան տեսքով: Առատ տեղումներ են գրանցվել 1963, 1978, 1984, 2006, 2007, 2010, 2011թթ.(ամսական նորմայի կրկնապատիկ և եռապատիկ քանակը): Չորային են եղել 1943, 1950, 1970, 1983, 2008, 2012թթ:
  

Առանձին չորային տարիների Արարատյան դաշտում գրանցվել է տեղումների ամսական նորմայի 1%: Ապրիլին, որպես կանոն, վերանում է ձնածածկույթը՝ բացառությամբ` բարձր լեռնային շրջանների: Յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում 1-2 օր հովտային շրջաններում կարող է  ձյուն տեղալ: Օդի հարաբերական խոնավությունը ապրիլին բավական բարձր է՝ 60-75%, Արարատյան դաշտում՝ 55-60%:
 

Ապրիլին ակտիվանում է ամպրոպային գործունեությունը, հազվադեպ կարող է դիտվել նաև կարկուտ: Ամպրոպով օրերի թիվը միջինը կազմում է 3-5 օր:

 

 

Եղանակի կանխատեսում 2021թ. ապրիլ ամսվա համար

Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12...+13⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +2...+4⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +24...+26⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -8...-10⁰C, առավելագույնը՝ +33...+35⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ  (նորման 28-51մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+6⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4...-8⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +17...+200C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -17...-20⁰C, առավելագույնը՝ +22...+25⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ  (նորման 61-86մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+7⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2...-6⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20...+23⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -12...-16⁰C, առավելագույնը՝ +27...+30⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 63-71մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8...+11⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +3...+5⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +24...+27⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -6...-10⁰C, առավելագույնը՝ +32...+35⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ  (նորման 64-67մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +12...+13⁰C, լեռնային շրջաններում` +3...+5⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում մինչև +2...+5⁰C, լեռնային շրջաններում՝ -3...-6⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +24…+26⁰C, լեռնային շրջաններում՝ +17…+20⁰C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ -7...-10⁰C, լեռնային շրջաններում՝ -15...-18⁰C, առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ +33...+35⁰C, լեռնային շրջաններում՝ +22...+25⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման նախալեռնային շրջաններում`  52-53մմ, լեռնային շրջաններում՝ 100-102մմ): 

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +12...+15⁰C, նախալեռնային շրջաններում` +6...+8⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև +3...+8⁰C, նախալեռնային շրջաններում՝ 0...-4⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +25…+30⁰C, նախալեռնային շրջաններում՝ +20…+24⁰C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ -3...-6⁰C, նախալեռնային շրջաններում՝ -10...-14⁰C, առավելագույնը հովտային շրջաններում +34...+36⁰C, նախալեռնային շրջաններում՝ +25...+30⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ  (նորման հովտային շրջաններում` 42-80մմ, նախալեռնային շրջաններում՝ 53-104մմ):  

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+13⁰C, որը մոտ է  բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր  հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +2...+4⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +24...+26⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -8...-10⁰C, առավելագույնը՝ +34...+35⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ  (նորման 37-51մմ):

Դիտվել է 17752անգամ
Վերջին լուրեր