Հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ ընդունելի է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում․ հայտարարություն
Հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ ընդունելի է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այս մասին հայտարարություն են տարածել 6 քաղաքական կուսակցությունների ղեկավարներ:
Հայտարարության տեքստը ստորև
«Ռուս-թուրքական տանդեմը, օգտվելով ՀՀ իշխանությունների սպասարկու էությունից, շտապում է պայմանագրի վերածել 2020թ. նոյեմբերի 9-ի ապօրինի եռակողմ հայտարարությունը:
Սույնով ահազանգում եւ հայտարարում ենք.
Արցախյան հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ ընդունելի է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, իսկ դրանից դուրս որեւէ փաստաթուղթ կլինի ապօրինի, եթե անգամ ՀՀ իշխանությունները պարտադրված լինեն ստորագրել:
Ապաշրջափակման շահարկման ցանկացած տարբերակ, որտեղ ՀՀ տարածքի որեւէ մասի կամ այդ մասով անցնող որեւէ կապուղու վրա չի տարածվելու ՀՀ լիարժեք իրավազորությունը, ապօրինի է եւ դրա իրագործումը կանխվելու է հնարավոր բոլոր միջոցներով:
Հայոց ցեղասպանության փաստը ժխտող կամ կասկածի տակ դնող հայ-թուրքական ցանկացած համաձայնագիր ճանաչվելու է ապօրինի, իսկ իշխանությունների այդ ուղղությամբ տարվող ազգադավ քարոզչությունը՝ մերժելի։
Անընդունելի ենք համարում ՀՀ իշխանությունների կողմից տարվող ապապետական այն քարոզը՝ ըստ որի կատարվում է թուրքի՝ թշնամու կերպարի առաջընթացիկ փոփոխություն, քանի դեռ թուրքական եւ ադրբեջանական քարոզչամեքենաներով եւ կրթական համակարգերում հայի կերպարի հանդեպ դա չեն արել Թուրքիան եւ Ադրբեջանը, եւ քանի դեռ իրենց ռազմական դոկտրիններում Հայաստանը համարվում է թշնամի:
Կոչ ենք անում հանրությանը եւ քաղաքական ուժերին՝ համախմբվել պետականությանը նետված մարտահրավերը հաղթահարելու եւ անվտանգության առավել հուսալի դաշնակիցներ ձեռք բերելու նպատակով:
ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ /«Ազգային ինքնորոշում» միավորում
ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն
ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ /«Հայրենիք եւ պատիվ» կուսակցություն
ԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ /«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն