02 / Ապրիլ / 2021 : 12-27

Հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ ընդունելի է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում․ հայտարարություն

Հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ ընդունելի է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այս մասին հայտարարություն են տարածել 6 քաղաքական կուսակցությունների ղեկավարներ:

Հայտարարության տեքստը  ստորև

«Ռուս-թուրքական տանդեմը, օգտվելով ՀՀ իշխանությունների սպասարկու էությունից, շտապում է  պայմանագրի վերածել 2020թ. նոյեմբերի 9-ի ապօրինի եռակողմ հայտարարությունը:

Սույնով ահազանգում եւ հայտարարում ենք.

Արցախյան հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ ընդունելի է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, իսկ դրանից դուրս որեւէ փաստաթուղթ կլինի ապօրինի, եթե անգամ ՀՀ իշխանությունները պարտադրված լինեն ստորագրել:

Ապաշրջափակման շահարկման ցանկացած տարբերակ, որտեղ ՀՀ տարածքի որեւէ մասի կամ այդ մասով անցնող որեւէ կապուղու վրա չի տարածվելու ՀՀ լիարժեք իրավազորությունը, ապօրինի է եւ դրա իրագործումը կանխվելու է հնարավոր բոլոր միջոցներով:

Հայոց ցեղասպանության փաստը ժխտող կամ կասկածի տակ դնող հայ-թուրքական ցանկացած համաձայնագիր ճանաչվելու է ապօրինի, իսկ իշխանությունների այդ ուղղությամբ տարվող ազգադավ քարոզչությունը՝ մերժելի։

Անընդունելի ենք համարում ՀՀ իշխանությունների կողմից տարվող ապապետական այն քարոզը՝ ըստ որի կատարվում է թուրքի՝ թշնամու կերպարի առաջընթացիկ փոփոխություն, քանի դեռ թուրքական եւ ադրբեջանական քարոզչամեքենաներով եւ կրթական համակարգերում հայի կերպարի հանդեպ դա չեն արել Թուրքիան եւ Ադրբեջանը, եւ քանի դեռ իրենց ռազմական դոկտրիններում Հայաստանը համարվում է թշնամի:

Կոչ ենք անում հանրությանը եւ քաղաքական ուժերին՝ համախմբվել պետականությանը նետված մարտահրավերը հաղթահարելու եւ անվտանգության առավել հուսալի դաշնակիցներ ձեռք բերելու նպատակով:

ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ  /«Ազգային ինքնորոշում» միավորում

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն

ԳԱՌՆԻԿ  ՄԱՐԳԱՐՅԱՆ  /«Հայրենիք եւ պատիվ» կուսակցություն

ԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ  /«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն

Դիտվել է 20727անգամ
Վերջին լուրեր