05 / Ապրիլ / 2021 : 12-01

 Տիգրան Ավինյանը ներկայացրել է նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանին

 ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանին:

Փոխվարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Հակոբ Արշակյանին կատարած աշխատանքի համար՝ նկատելով, որ նա ղեկավարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հիմնադրման գործընթացը՝ զրոյից պետական ինստիտուտ ստեղծելով: Ըստ Տիգրան Ավինյանի՝ դա չափազանց բարդ գործ էր, որտեղ նորարարական ուղղություններում արդեն իսկ գրանցված հաջողություններ կան:

Տիգրան Ավինյանը, ներկայացնելով Հայկ Չոբանյանին, նշել է, որ նա քաջ ծանոթ է ոլորտին, եղել է «UIT Expo» ընկերության տնօրեն, հիմնադրել է երկու տեխնոլոգիական ընկերություններ: Փոխվարչապետը հավելել է, որ Հայկ Չոբանյանի աշխատանքը Տավուշի մարզպետի պաշտոնում եղել է արդյունավետ՝ համոզմունք հայտնելով, որ նոր կարգավիճակում նույն արդյունավետությունը պահպանվելու է:

 

Փոխվարչապետը հատուկ ուշադրություն է հրավիրել ռազմարդյունաբերության ոլորտի վրա՝ որպես դիմադրողականության ու պաշտպանունակության կարևոր բաղադրիչի, և ընդգծել, որ այդ ոլորտը պիտի զարգանա շեշտակի տեմպերով: Ըստ նրա՝ նախարարության մշակած ռազմավարության թվայնացման և կրթական ոլորտներում սկսված գործընթացները նույնպես պետք է ակտիվորեն շարունակվեն:

Նորանշանակ նախարարին հաջողություններ մաղթելով՝ Տիգրան Ավինյանը հույս է հայտնել, որ Հակոբ Արշակյանի սկսած և նախաձեռնած գործերը հաջողությամբ շարունակվելու են և նախարարությունն իր ոլորտում բարձունքներ է գրանցելու:

Հայկ Չոբանյանը շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ վստահության և ոլորտի ղեկավարման հնարավորության ընձեռնման համար. «Մեր երկրի հաջողությունն ուղղակիորեն կախված է մտքի հետ, մասնավորապես՝ գիտելիքահեն ուղղության, բարձր տեխնոլոգիական ոլորտի հետ»։ Նա նշել է, որ հաջողության հիմնական գրավականներից մեկը համագործակցությունն է մյուս բոլոր ոլորտների հետ, իսկ հենարանը պետք է լինի տեխնոլոգիական համայնքը. «Մարդկային ներուժը և մարդը պետք է լինի մեր ուշադրության ամենակարևոր սուբյեկտը, և նրա շուրջ պետք է լինի մեր զարգացման ամբողջ ծրագիրը»։

Դիտվել է 9291անգամ
Վերջին լուրեր