Ես խոստանում եմ՝ իմքայլական պատգամավորները ձեզնից ներողություն են խնդրելու. Իշխան Սաղաթելյանը՝ Սևանում

Ես խոստանում եմ՝ իմքայլական պատգամավորները ձեզնից ներողություն են խնդրելու, որովհետև նրանք եկան, ձեզնից 15-20 հազար ձայն հավաքեցին, հայտնվեցին այդ խորհրդարանում, մաս կազմեցին այս դավաճանական պրոցեսին ու մինչև հիմա ձեզնից ներողություն չեն խնդրել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, Սեւան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց Շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ իշխանական թիմը խաբել է ժողովրդին, բարեկեցիկ կյանք խոստացել, սակայն խոստումներից 3 տարի անց երևում է միայն կորսված հայրենիք, 5000-ից ավելի զոհ, փլուզված տնտեսություն: «Երկիրը լքող քաղաքացիներին կոչ ենք անում գալ, կանգնել մեր կողքին, մեր պետության կողքին, միասնաբար քշենք այս դավաճաններին ու կառուցենք մեր երազած հայրենիքը»:

Սաղաթելյանը հիշեցրեց, որ պատերազմի ժամանակ թշնամին Գեղարքունիքի մարզի հետ սահման ուներ 82 կմ հատված, պատերազմից հետո այդ սահմանը դարձել է 160 կմ: «Մեր մարզի անվտանգությունն ունի լուրջ խնդիրներ. 160 կմ սահման պահելու համար անհրաժեշտ է հսկայական ենթակառուցվածքներ ու ռեսուրսներ, պատերազմից հետո Հայաստանում կա 7000 տեղահանված ընտանիք, ունենք բազմաթիվ անվտանգային խնդիրներ: Այս իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանելու մեր ժողովրդի շահերը, իրավունքները, զարգացնել տնտեսությունը, այս իշխանությունը պետք է րոպե առաջ հեռանա՝ հանուն հայ ժողովրդի, Արցախի, մեր ապագայի: Մենք չենք կարող անտարբեր նստել ու նայել, թե ինչպես է օր օրի կործանվում մեր երկիրը»:
Վերջինս նշեց, որ երեք տարի շարունակ այս իշխանութունը խոստացել է, որ Գեղարքունիքի մարզում բարելավելու է կյանքը, սակայն ոչինչ տեղի չի ունեցել, ոչ մի խոստացված ներդրում չի իրականացվել: