06 / Ապրիլ / 2021 : 19-21

Ադրբեջանը ամեն ջանք ներդրել է Հայաստանում և Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը  խափանելու նպատակով․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրագրողների հարցին

Հարց․ Ադրբեջանի իշխանությունները վերջերս հանդես են գալիս հայտարարություններով՝ մեղադրելով հայկական կողմին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ականապատ տարածքների քարտեզները չտրամադրելու մեջ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները։

Պատասխան. Ինչպես գիտեք, ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքով և 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ստանձնած իրենց հանձնառությունները՝ հայրենադարձնելու դեռևս պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Ըստ էության, ի պատասխան այս հարցում նաև միջազգային հանրության ճնշումներին, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ադրբեջանական պաշտոնյաների կողմից այդ հարցի բարձրացումը կրում է զուտ հրապարակային բնույթ: 

Հակամարտության ողջ ընթացքում ադրբեջանական կողմը ոչ միայն հանդես չի եկել ականազերծման հարցերով համագործակցելու առաջարկով, այլև ավելին` ամեն ջանք ներդրել է Հայաստանում և Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը  խափանելու նպատակով։ Բավական է հիշել, որ Ադրբեջանը 2016թ․  արգելափակել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի  մանդատի երկարաձգումը վերջինիս՝ ականազերծման ծրագրերին աջակցելու պատրվակով, ինչն էլ հանգեցրել է Հայաստանում ԵԱՀԿ դաշտային առաքելության փակմանը։

Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ  միջազգային հանրությանն ապակողմոնորոշելու նման պրակտիկայից և գործուն քայլեր ձեռնարկել՝  կատարելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն ու միջազգային հումանիտար իրավունքի պահանջները, որոնք ենթադրում են անհապաղ և անվերապահ կերպով բոլոր ռազմագերիների և պատանդառության մեջ գտնվող անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը։

Դիտվել է 11677անգամ
Վերջին լուրեր