06 / Ապրիլ / 2021 : 20-25

Քարոզարշավը ու ընտրությունները ցույց կտան, թե որ քաղաքական ուժն է վայելում քաղաքացիների վստահությունը․ Փաշինյան

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են այնպես, որ դրանք վիճարկելու առիթ չլինի: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց կտան, թե ով է վայելում քաղաքացիների վստահությունը:

«Քարոզարշավը ու ընտրությունները ցույց կտան, թե որ քաղաքական ուժն է վայելում քաղաքացիների վստահությունը: Մենք մշտապես կապի մեջ ենք մեր ժողովրդի հետ եւ լիովին հասկանում ենք նրա խնդիրները, կարիքները եւ ցանկությունները», - ասել է Փաշինյանը:

 

Վարչապետը հավելել է, որ հանրությանը կներկայացնեն այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, երկրի զարգացմանը և բարեկեցության ապահովմանը:

«Համոզված եմ, որ մեր հասարակությունը կկարողանա ձևավորել լեգիտիմ իշխանություն, իսկ մենք քաղաքացիների հետ շփումներում կներկայացնենք մեր ծրագրերն ու նպատակները առաջիկա տարիների համար»,- նշել է Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով ՝ 2018 թվականի դեկտեմբերին կայացած ընտրությունները, երբ նա դարձավ վարչապետ, եզակի էին նրանով, որ 1996 թվականից ի վեր առաջին անգամ ընտրությունների արդյունքները չէին վիճարկվել Սահմանադրական դատարանում:

«Մեզ հաջողվել է ապահովել լիովին թափանցիկ, ազատ և արդար ընտրություններ, որոնց արդյունքներն ընդունվել են բոլորի կողմից: Դրանք նաև բարձր գնահատական են ստացել միջազգային դիտորդական կառույցների կողմից:  Համոզված եմ, որ առաջիկա ընտրությունները ևս կանցնեն բարձր մակարդակով։ Վստահ եմ, որ այս անգամ էլ մեր ժողովուրդն իր ազատ կամարտահայտությամբ կձևավորի լեգիտիմ իշխանություն: Մենք կարող ենք ապահովել ընտրությունների այնպիսի անցկացումը, որ դրանք վիճարկելու առիթ չլինի», - եզրափակել է Փաշինյանը:

Դիտվել է 8740անգամ
Վերջին լուրեր