Ջրառատ գյուղում քույրերը թունավորվել են, փոքրը մահացել է․ ՔԿ
2021թ. ապրիլի 7-ին՝ ժամը 10:25-ին, «Հրազդան ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի 17-ամյա բնակչուհին, ինչպես նաև վերջինիս՝ 15-ամյա քույրը՝ մահացած վիճակում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատատեխնիկական փորձաքննություններ:
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: