20 / Ապրիլ / 2020 : 10-43

Փայ չեն ստացել հեղափոխությունից, դրա համար էլ հիասթափված են․ Փաշինյանը՝ երկրում տիրող հիասթափության մասին


Շատերը իշխանությանը և ինձ անձամբ մեղադրում են թավշյա գործելակերպ ունենալու մեջ, և խոսքը վերաբերում է նրան, որ պետական կառավարման համակարգում հին կադրերը, որոնք կոռումպացված իշխանության տարիներին երկար ժամանակ գործունեություն են ծավալել, հեղափոխությունից հետո  շարունակել են գործել և դրա հետևանքները մենք տեսնում ենք։ Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով իր այս տեսաուղերձի նպատակը։

Փաշինյանն ասաց, որ պատահական չէ, որ այսպես է։

«Ովքեր մեզ մեղադրում են թավշյա լինելու մեջ, մոռանում են, որ մենք Հայաստանում իրականացրել ենք ոչ բռնի «թավշյա» ժողովրդական հեղափոխություն։ Այդ հեղափոխության համատեքստում ասել ենք, որ վենդետտաներ չեն լինելու»,- հիշեցրեց Փաշինյանը։

Վարչապետն ասաց նաև, որ «այս պարագայում բնական հարց է առաջանում, եթե հեղափոխությունից հետո այդ կադրային ջարդը պիտի չլիներ, այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ հեղափոխությունը և ի՞նչ արդյունքներ պիտի բերեր»։

Նիկոլ Փաշինյանն մեկնաբանեց, որ իրենց ընկալմամբ հեղափոխությունը ինչպես այն ժամանակ ստեղծեց հնարավորություն մարդկանց փոխվելու համար, այնպես էլ հետագայում պետք է ստեղծի այդ հնարավորությունը։

«Հեղափոխությունը, այո՛, շանս է բոլորիս  համար, որ փոխվենք դեպի լավը։ Այդ թվում գրեթե բոլոր պետական պաշտոնյաների համար, ովքեր իրենք իրենցով կոռուպցիայի սիմվոլ չեն եղել։

Բնականաբար շատերը դա անիրատեսական կհամարեն։ Այդ ինչպես պատահեց, որ երկար տարիներ ընտրակաշառք վերցնող և լռող քաղաքացին փոխվեց։ Դա տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ և այդ շանսը պետք է պահպանվեր նաև մյուսների համար։

Այս ընթացքում եղել են մարդիկ, ովքեր այդ շանսից օգտվել են և կան մարդիկ, ովքեր այդ շանսը չարաշահել են»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ այն մարդիկ ովքեր այդ շանսը չարաշահել են պետք է դուրս նետվեն պետական կառավարման համակարգից։

«Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի ապրիլին, էմոցիոնալ դրսևորում էր, իրական հեղափոխությունը հիմա է տեղի ունենում՝ թեկուզ ճգնաժամի այս օրերին։ Որովհետև հիմա է պատասխանը այն հարցի, թե մենք ինչքանով ենք պատրաստ փոխվել, ինչքանով ենք փոխվել որպես հասարակություն, անհատ, քաղաքացի։

Ցավոք սրտի բազմաթիվ հակահեղափոխականների մեջ մաֆիոզ մտածելակերպը արմատացած է։ 25-30 տարի երկիրը եղել է մաֆիոզների տրամադրության տակ: Երբ գործարարներին ասում եմ՝ աշխատեք, հարկ վճարեք, ես նրանց աչքերում հիասթափություն եմ տեսնում:

Կա խումբ, որը մտածում է՝ ինքը կշարունակի իր նախկին արտոնությունները պահել, որովհետև մտածում է՝ իր ծառայությունը իշխանությանը պետք է: Բայց չի կարող այդպես լինել»,- ասաց վարչապետը։

«Մաֆիոզ մտածողություն ասելով նկատի ունեմ Հայաստանը կիսելու մղումը՝ ազդեցության ինչ-որ մի ոլորտ, եկամտի մի հատված»,- բացատրեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև ասաց, որ իր վարչապետության երկու տարվա ձեռքբերումը համարում է այն, որ ոչ մի վայրկյան չի տրվել կիսելու այդ տրամաբանությանը։

Եվ հասարակության մեջ հասունացող դժգոհությունը վարչապետի խոսքով, պայմանավորվոծ է հենց այդ չկիսելու, չբաժանելու պատճառով։

«Քանի որ ոչ մեկ փայ չի ստանում, հետևաբար դժգոհությունը ալիքաձև տարածվում է,  բոլորը հիասթափված են», - ասաց վարչապետ Փաշինյանը։

«Բոլորը գիտեն, որ իշխանությունը «ծեծող» չէ, առիթից օգտվում են ու լկտիանում: Եկել է ժամանակը, որ իշխանության մեջ տեղի ունենան իրական զտումներ և դա կադրային ջարդ չէ: Ով չարաշահել է թավիշը, պետք է դուրս շպրտվի և այդ պրոցեսն էլ է թավշյա լինելու:

Ես զգացի, որ  ինչ-որ մի պահի մենք արդարանում ենք, պաշտպանվում ենք «թավիշի» համար: Բայց 2018թ-ին էդ «թավիշը» մեզ բերեց հաջողության: Չմտածեք, որ ես երբևէ իշխանությունը կփորձեմ բանդաներով պահպանել: Ես վարչապետ եմ մինչև էն պահը, որը դուք կկամենաք: Ես կմնամ, քանի կա ձեր վստահությունը»,- ասաց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ լրատվականների 90 տոկոսը  լրագրողների 70 տոկոսը իշխանությունից փող  է ստացել և այդպես կառավարվել, մինչդեռ հիմա չի ստանում և ամբողջ լրատվական դաշտը կատաղած է, եթե ուրիշ տեղերից էլ ստանում են՝ վախվխելով, որ հանկարծ չբացահայվի։

Վարչապետն անդրադաձավ նաև իր հեռուստաուղերձի ոչ եթերային կադրերի հրապարակմանը որոշ մարդկանց արձագանքին:

Ըստ նրա՝ դա սովետական մտածողություն է, նման այն բանին, որ մարդիկ մտածում էին, թե դասատուն չի քնում, զուգարան չի գնում։

Փաշինյանը խոստացավ, որ կադրային հեղափոխություն է լինելու և իրենք իրենց հռչակած նպատակի ճանապարհին կանգ չեն առնելու և բոլորը հատ-հատ պատասխան են տալու։

Շուտով գալու է և՛ «վնգստացող» դատավորների, և՛ «կորոնավիրուսային» սահմանադրական դատարանի հերթը։ Եվ իրեն կարող է կանգնեցնել միյան ժողովուրդը։

 

Դիտվել է 7599անգամ
Վերջին լուրեր