Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին․ նախարար

Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին, այս մասին հայտնում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի 2020 թվականի տարեկան քրեական վիճակագրությունը։ Մեր երկիրն ամրապնդում է նախորդ վիճակագրությամբ գրանցած մի շարք ցուցանիշներ և ապահովում դրանց կայունությունը։
Ըստ զեկույցի՝ Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ կրկին նկատվել է ազատազրկման մակարդակի նվազում (2018 թվականին Հայաստանի ՔԿՀ-ներում պահվել է 3 հազար 536, 2019 թ-ին՝ 2 հազար 266, իսկ 2020թ-ի հունվարի 31-ին՝ 2 հազար 21 անձ) ։
Զեկույցում համեմատական է տարվել նաև 2010 և 2020 թվականների միջև և արձանագրվել, որ 2010 թվականի համեմատությամբ Հայաստանն արձանագրել է բանտային բնակչության թվի 50.4 % կրճատում, որը համեմատական աղյուսակում երկրորդ լավագույն արդյունքն է:

Նույն զեկույցի համաձայն՝ ներկայում Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին և համեմատելի է Գերմանիայի, Դանիայի, Սլովենիայի, Շվեդիայի հետ:
Հայաստանում 2020 թվականին կին բանտարկյալների թիվը կազմել է 3.1% ընդհանուր համամասնությունից, որը կրկին ցածր է եվրոպական միջինից։
Հայաստանի վերաբերյալ մյուս դրական ցուցանիշն այն է, որ 100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությամբ Հայաստանը դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ 41.5%: Սա գրեթե երկու անգամ ցածր է եվրոպական միջինից (86.6%):
Վիճակագրական տվյալները ներկայացված են 2020 թվականի հունվարի 31-ի դրությամբ, ուստի, 2020 թվականի տարեվերջին մեր կողմից կատարված արձանագրումները թույլ են տալիս նախանշելու, որ հաջորդ տարվա վիճակագրությամբ Հայաստանը կրկին առաջընթաց է գրանցելու որոշ ցուցիչներում»: