14 / Ապրիլ / 2021 : 19-07

Օնիկ Գասպարյանը պետական հեղաշրջման փորձի շրջանում հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ․ Փաշինյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը խոսակցություն է ունեցել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչի մասին տեղյակ է պահել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին։
Մարուքյանը հիշեցրեց, որ մարտի 1-ին, հանրահավաքի ժամանակ վարչապետն իր ելույթում ասել է, որ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրահանգով է հայտարարություն գրել, ինչի վերաբերյալ ինքն ապացույցներ է պահանջել, որոնք չեն հրապարակվել․ ստացվում է՝ անձին հանիրավի մեղադրանքներն են առաջադրվել։
«Այսօր ԱԺ ամբիոնից հղում կատարեցիք Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությանը, ասացիք, որ նման հայտարարություն չի արել, ընդհակառակը՝ հակառակ հայտարարություն է արել, Օնիկ Գասպարյանն էլ հայտարարեց, որ իրականությանը չի համապատասխանում ձեր հայտարարությունները և դուք կեղծում եք Անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունները։ Հիմա ո՞նց ենք իմանալու, պարոն վարչապետ, ո՞վ է ճիշտ ասում»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կդիտարկեն Անվտանգության խորհրդի նիստի արձանագրության տվյալ հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու հարցը։
«Ես բառացի գիտեմ, թե Սերժ Սարգսյանն ինչ է ասել։ Ես գիտեմ, որ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանն ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից։ Ես գիտեմ, որ Օնիկ Գասպարյանի պետական հեղաշրջման փորձի շրջանում հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ և ես կարող եմ ասել, թե երբ է եղել այդ հանդիպումը։ Նախագահ Արմեն Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո Օնիկ Գասպարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, նրա հետ ունեցել է խոսակցություն»,-ասաց Փաշինյանը։
Դիտվել է 5095անգամ
Վերջին լուրեր