16 / Ապրիլ / 2021 : 18-17

Անդրանիկ Քոչարյանը բամբասկոտ, կանացի հատկանիշներով անձնավորություն է, խոսում է իմ կնոջ հագուստների մասին…Թող ասի՝ ո՞ր զգեստն է դուր գալիս, տանք իրեն, հագնի ու ման գա

Հոկտեմբերի 3-6 ընկած ժամանակահատվածում Արայիկ Հարությունյանի աշխատասենյակում մոբիլիզացիայի հարցի հետ կապված Նիկոլ Փաշինյանին ասել եմ․ «Սա ձեր հարցն է, գնացեք, կատարեք, հաղթեք, ուզում եք դրանից հետո ինձ տարեք 20 տարի նստեցրեք»։ Ոչ մի բան էլ չարեց։ Նա երկիրը պատերազմից առաջ էլ, պատերազմի ժամանակ ու դրանից հետո էլ ղեկավարում է փողոցային ձևով ու ոտքի վրա։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ում հետ զրուցել ենք Փաշինյանի նախօրեի և իրեն առնչվող այլ հայտարարությունների մասին։
Նախօրեին Փաշինյանը հիշեցրեց մի օպերացիայի մասին և խոսեց գեներալներից մեկի որդու մասին։ Սլաքներ ուղղվեցին դեպի Ձեզ։ Շուշիի առնչությամբ էլ Փաշինյանն ասաց, որ շատ հարցեր ունի։ Ձեզ կամ Ձեր որդուն այս ընթացքում երբևէ կանչե՞լ են հարցաքննելու, որպեսզի ձեզանից իրականությունն իմանան։
Իշխանությունից ոչ մեկն ինձնից չեն փորձել բան պարզել։ Կարծում եմ, պարզելու բան էլ չունեն, որովհետև մարտական գործողություններն իրենք են ամբողջությամբ ղեկավարել, վերահսկել են իրենք։ Ես պարզապես իմ հարցազրույցների ժամանակ ասել եմ, եթե ստեղծվի քննիչ հանձնաժողով, ես պատրաստ եմ տեղեկություններ տալ, որովհետև 44 օրից 40-ն այնտեղ եմ եղել։ Կարող եմ վերլուծություններ անել և տեղեկություններ տրամադրել։
Ինչու՞ են սլաքները հենց Ձեր և Ձեր որդու դեմ ուղղում։
Նրանք 2 նպատակ ունեն․ իրենց ձախողումներ ի համար փորձելու են մեղավորներ գտնել, այն մարդկանց են սլաքներն ուղղում, ովքեր այս պատերազմում պատասխանատու չեն եղել։ Քանի որ ես ամեն անգամ ստիպված եմ լինում նրանց հայտարարություններին պատասխանել և հրաժարական պահանջողների մեջ եմ, սլաքններն ինձ վրա են ուղղում։ Բայց շատ վատ է, որ իմ պատճառով փորձում են նաև մերթընդմերթ իմ ընտանիքի, տղաների վրա սլաքներ ուղղել։ Ես երբևէ որևէ քննադատության ժամանակ որևէ մեկի ընտանիքին չեմ անդրադառնում, դա սխալ է, տղամարդուն վայել չէ։
Երեկ ԱԽ-ը հրապարակեց պատերազմի օրերին նիստերից մեկի ձայնագրության որոշ հատվածներ, որոնք առնչվում էին Օնիկ Գասպարյանի հայտարարություններին։ Մտահոգիչ չէ՞, որ ներքին առճակատման համար գաղտնի տեղեկություններն է իշխանությունը հրապարակում։
Անշուշտ, մտահոգիչ է, բայց այլ բան ևս անհանգստացնող է։ Ասում են, որ ԱԽ նիստում նախատեսված չի եղել, որ ԳՇ պետը պիտի խոսի։ Պատերազմի ժամանակ, երբ չափազանց լարված իրավիճակ է ԱԽ-ում, ի՞նչ են քննարկում, եթե չպետք է խոսի, և չպետք է ներկայացնի իրադրությունը ԳՇ պետը, որը ռազմական ողջ համակարգի համար է պատասխանատու։ Երկրորդը՝ երկրի ղեկավարը, որ դառնում է գերագույն հրամանատար, պիտի ստեղծի իր ռազմակայանը և 24 ժամյա ռեժիմով 44 օրը ղեկավարի այն, ոչ թե ԱԽ-ը, կառավարությունը, ԱԺ-ը։ Օրուգիշեր պետք է աշխատեին, որպեսզի ճիշտ որոշումներ ընդունեին։
Փաշինյանը, իր թիմակիցները վերջին շրջանում անընդհատ առաջ են տանում թեզը, թե 7 շրջանները վաղուց էին հանձնված։ Դուք պաշտպանության նախարար եք եղել, Ձեր պաշտոնավարման ողջ ընթացքում եղե՞լ է որևէ հրահանգ, քննարկում, խոսկացություն, որ պետք է 7 շրջանները հանձնելուն նախապատրաստվել։
30 տարիների ընթացքում բանակցային բավականին լուրջ ներուժ է կուտակվել, փորձառու անձնավորություններ կան, որոնք բանակցել են փաստաթղթերի շուրջ(կապ չունի տվյալ դեպքում ինչ փաստաթղթի)։ Յուրաքանչյուր կողմ բանակցել է՝ առաջ տանելով իր երկրի շահը։ Իսկ մեր երկրի շահերը մշտապես առաջնահերթ են եղել՝ հիմնվելով Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի վրա։ Մնացած խնդիրները բանակցություններով պետք է լուծվեին։ Նախարարի պաշտոնը զբաղեցնելու ողջ ընթացքում երբևէ իմ ղեկավարությունից անմիջական հրաման, թե գնացեք, պատրաստվեք, շրջանները հանձնելու ենք, չի եղել։ Նման որևիցե մի ցուցում երբևէ չի եղել։ Դեռ ավելին, ես միշտ առաջ եմ տարել այն թեզը, որ պաշտպանական կառույցները, անվտանգությունը պիտի ամրապնդել։ Պետք է արագ տեմպերով Արցախն ինտեգրել Հայաստանի հետ՝ առաջնային համարելով պատմամշակութային, պատմաիրավական ենթակառույցների զարգացումը, տնտեսության ինտեգրումը և անշուշտ, պաշտպանական և անվտանգային համակարգը։ Եվ այս ամենը կատարվել է։ Որպես նախարար, իմ խնդիրը եղել է Հայաստանի և Արցախի պաշտպանության, անվտանգության ապահովումը, ինչը իրականացվել է։ 20 տարի ծառայել եմ Արցախում, որից 7,5 որպես Արցախի պաշտպանության նախարար։
Երեկ իմքայլական Անդրանիկ Քոչարյանը Հ1-ի եթերում հայտարարեց, որ իր և Սամվել Բաբայանի հետ Ձեզ կրկին հրավիրում է քննարկելու պաշտպանության խնդիրները, բանակին առնչվող հարցերը։ Դուք ինչու՞ եք առաջին հրավերը մերժել և պատրա՞ստ եք այդ ձևաչափով մասնակցել քննարկմանը։
Պատերազմի ժամանակ Անդրանիկ Քոչարյանին մեկ անգամ տեսել եմ Արցախում, ասել եմ՝ զբաղվեք մոբիլիզացիայով։ Պետրոս Ղազարյանը մի անգամ զանգահարել ու ասել է, որ ուզում է անվտանգության խնդիրներն ինձ հետ քննարկել։ Ես ասել եմ՝ զբաղված եմ։ Նա տեղեկացրել է, որ Սամվել Բաբայանին ու Անդրանիկ Քոչարյանին էլ է ցանկանում հրավիրել։ Հետագայում պարզվում է, որ ոչ թե Պետրոս Ղազարյանը, այլ Անդրանիկ Քոչարյանն է այդ ամենը նախաձեռնել։ Այնինչ, Քոչարյանն ինձ հետ կապ ուներ, նորմալ, բարիդրացիական հարաբերություններ ունեինք։ Երբ պաշտպանության նախարար եմ եղել, մենք պարբերաբար հանդիպել ենք, խնդրանքներ են եղել։
Իր խնդրանքով նույնիսկ որոշ անձանց վերականգնել եմ ծառայության, որոնք բանակից դուրս էին եկել։ Երեկ իր խոսքում Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե կրկին հրավիրում է ինձ քննարկման։ Ես զանգահարել եմ իրեն, հարցնելու, թե ե՞րբ ես ինձ հրավիրել, որ նորից ես հրավիրում։ Իմ հեռախոսազանգերին չի պատասխանել։ Եթերում ասում է, թող գա, մի հատ հարցնեմ, տեսնեմ․․․ու կենցաղային հարցեր է տալիս։ Եթե Անդրանիկ Քոչարյանի համար կենցաղային հարցերն են անվտանգության քննարկման համար հիմք հանդիսանալու, նշանակում է, որ իրենց ոչ թե անվտանգային հարցերն են հետաքրքրում, այլ ուզում են մարդկանց պիտակավորել, էլի հին-նոր անել։ Այս պարագայում, քանի որ դուք հարցը տվեցիք, օգտվելով առիթից պիտի մի քանի եզրակացություններ անեմ․ Անդրանիկն ո՞վ է, որ ես գնամ իր հետ քննարկեմ հարցեր։ Եթե Սամվել Բաբայանի հետ ուզում է քննարկել հարցեր, ինչու՞ նրան չի հրավիրում այդ հանդիպման, թող իրենց ուսապարկերի թիմից էլ մարդկանց ավելացնի ու քննարկի;
Եթե Անդրանիկ Քոչարյանը նախկինում ինձ հետ բարիդրացիական հարաբերություններ է ունեցել, հիմա նա, որպես անձնավորություն, ինձ համար գոյություն չունի այլևս։ Շատ վատ է, որ կանայք տղամարդ են դառնում, վատ է նաև, որ տղամարդիկ կանացի հատկանիշներ են ձեռք բերում։ Իսկ ինքը բամբասկոտ, կանացի հատկանիշներով անձնավորություն է, որն անդրադառնում է մարդկանց ընտանիքներին։ Ես իր ընտանիքին չեմ կպնում չէ՞։ Հիմա իրեն ասում եմ՝ դու ո՞վ ես, այ տղա, որ կպնում ես իմ ընտանիքին։ Եթե մեկ անգամ էլ փորձես, ապա եզրակացություններն այլ են լինելու։ Խոսում է կնոջ հագուստների մասին։ Թող գա մի հատ ուսումնասիրի, տեսնեմ ո՞ր շորն է դուր գալիս, տանք իրեն, հագնի ու ման գա երկրագնդի վրա կամ Հայաստանում։ Իմ զանգերին չի պատասխանել ու ասել է, թե չեմ պատասխանելու մինչև չգա։ Ինքն ո՞վ է։ Անդրանիկն ինձ համար դատավո՞ր է, որ ինձ ասի, թե թող գա մեղադրանքներին պատասխանի։ Իրենք թող գնան իրենց ու իրենց ընտանիքներով զբաղվեն։ Իրենք ինձ համար հայրենասիրության, բարոյականության որևիցե նորմի համապատասխան չեն։ Եթե ինքը շարունակի, ես հրապարակավ դա կներկայացնեմ։ Այդպիսի մարդկանց հետ ես բան չունեմ քննարկելու։ Թող ստեղծեն քննիչ հանձնաժողով, որտեղ ուզում են, կգնամ ու իմ ասելիքը կասեմ։
Ի դեպ, ԱԺ-ի նախօրեի կատարողականի քննարկումից մեկ հետևություն պիտի անեմ․ դա հաշվետվություն էր խորհրդարանին, բայց կառավարության ղեկավարը 2020-ի հետ կապված 2 բառ ասաց ու իր հատկանիշներին, գործունեությանը համաձայն, սկսեց մանիպուլացիաներ անել ու իրեն արդարացնել։ Դրանից երևում է իր քաղաքականապես տգետ լինելը։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ խորհրդարանական ղեկավարում է, երկրի ղեկավարը խորհրդարանին հաշվետվություն չտվեց, ավելին, տեսա՞ք, թե նա ինչպես է խոսում պատգամավորների հետ։ Նա և իր թիմի շատ անդամներ ոչնչով չեն տարբերվում փողոցային, քրեական ենթամշակույթ ունեցող անձանցից։ Այսպիսի ղեկավար մեր սուրբ երկրին պետք չէ։ Այսպիսի մարդկանց հետ, որոնք անգամ գողական ժարգոնով են խոսում, ինչպե՞ս կարելի է որևէ բան քննարկել։
Դիտվել է 55557անգամ
Վերջին լուրեր