Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Ապրիլ / 2021 : 15-08

Փաշինյանը կարող է Ալիեւին ղեկավարել․ իմքայլական պատգամավորը՝ թշնամիների հետ բանակցելու մասին

Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։ Խաչատրյանը ուշագրավ դիտարկումներ է անում, օրինակ, թե ինչպես պետք է վարվել թշնամի պետության ղեկավարի, դիցուք՝ Ալիեւի հետ, կամ` որ Փաշինյանի բանակցությունների արդյունքն է, որ գերիները վերադառնում են, Ալիեւը պատերազմ չի սկսում, Սյունիքի միջանցքը բաց չէ եւ այլն։
-Մինչեւ պատերազմը, Փաշինյանը բանակի մասին խոսելիս փափուկ բարձ էր դնում մեր գլխի տակ, հպարտ-հպարտ ասելով՝ փակել ենք 80-ականների ամոթալի էջը, գոռում-գոչում էր, գլուխ էր գովում, թե ձեռք եք բերել աննախադեպ քանակի զենք-զինամթերք, հակաօդային պաշտպանության համալիրներ, մեր բանակը տարածաշրջանի ամենահզոր բանակն է, մենք անպարտելի ենք։ Հիմա, երբ պատերազմում պարտվել եք, ձեր անհաջողությունների մեջ մեղադրելով նախկիններին` ասում եք՝ այ, եթե նախկինները բանակը զինեին...
-Ասեմ՝ 1994 թ․-ից ՀՀ բանակը եղել է տարածաշրջանում ամենամարտունակը, եւ սա ընդունվում էր ամբողջ աշխարհի հանրության կողմից։ Բայց մենք երեւի շատ մեր հաղթանակներով տարվեցինք, ընթացքում բանակի մի մասը դարձավ բիզնես ոլորտ, ղեկավարները հարստություններ սկսեցին դիզել։
-Հարցից մի՛ շեղվեք, պարո'ն Խաչատրյան, ինչո՞ւ էր Ձեր իշխանությունը հավատացնում եւ մանիպուլացնում, թե բանակը զինվել է գերժամանակակից, գերհզոր զինտեխնիկայով։
-Ասում եմ Ձեզ՝ 1994թ․-ից ՀՀ բանակը եղել է ամենամարտունակը, սակայն Ադրբեջանը 2011 թվականից սկսեց ինտենսիվ վերակազմավորել իր բանակը, ինչին մենք լրջորեն չմոտեցանք եւ եղավ այն, ինչ որ եղավ։ Մենք անընդհատ ասում ենք՝ Ադրբեջան, Հայաստան, մեր բանակ, ադրբեջանական բանակ, մի շատ կարեւոր հանգամանք հաշվի չենք առել՝ աշխարհաքաղաքական վերափոխումները, Թուրքիայի հզորանալը։
-Պարո'ն Խաչատրյան, իմ հարցին պատասխանեք խնդրում եմ։
-Հեռվից եմ գալիս, որպեսզի լավ պատկերացնեք: Եկավ 2018 թվականը, Թուրքիան ոչ թե օգնեց Ադրբեջանին, այլ անմիջական պատերազմի մեջ էր։
-Այդ դեպքում ինչո՞ւ եք ուզում վերաբերմունք փոխել Թուրքիայի նկատմամբ։
-Մի րոպե, մի րոպե, մեր բանակը հզոր բանակ է, պատերազմի ժամանակ էլ եղել է հզոր, մի շարք թերություններով հանդերձ, մեր սպաներն ու զինվորներն արել են անլսելի քաջություններ։ Բայց մեր բանակը համարժեք չի եղել, ադեկվատ չի եղել ՆԱՏՕ-ի երկրորդ հզոր բանակին՝ Թուրքիայի բանակին։
-Հասկացա, իսկ ինչո՞ւ եք ուզում Թուրքայի նկատմամբ վերաբերմունք փոխել։
-Այսինքն` ի՞նչ վերաբերմունք։
-ԱԽ քարտուղարը Թուրքիային թշնամի չի համարում, Փաշինյանն ասում է` պետք է փոխենք մեր վերաբերմունքը տարածաշրջանի նկատմամբ, որքան իրենց համարում ենք թշնամի, այդքան իրենք մեզ համարում են թշնամի։
-Իմ ասածը Ձեր ասած հարցի հետ կապ չունի։
-Ասում են՝ տարածաշրջանի նկատմամբ վերաբերմունք պետք է փոխվի։
-Այո, պետք է փոխվի։ Այս կեղծ օրակարգը՝ Թուրքիային թշնամի համարում ես, թե` չէ, եթե համարում ես՝ հայրենասեր ես, կեցցես դու։ Ասեմ` Թուրքիան եւ Ադրբեջանը մեր թշնամիներն են։ Թիվ մեկ թշնամին, այո, Թուրքիան է։ Բայց ի՞նչ պետք է անել թշնամու հետ։ Թշնամու հետ պետք է անել հետեւյալը՝ կա՛մ հաղթում ես, կա՛մ բնաջնջում ես, կա՛մ բանակցում ես՝ նրան առավելագույնս ղեկավարելի դարձնելու համար։
-Փաշինյանը կարո՞ղ է Ալիեւին ղեկավարել։
-Ինչի՞ չէ։
-Պարո'ն Խաչատրյան, ծիծաղելի է։
-Ոչ թե Ալիեւին ղեկավարել, այլ թշնամուդ կանխատեսելի դարձնել` բանակցելու միջոցով։ Եթե չկարողանար բանակցել Սյունիքի միջանցքը բաց կլիներ արդեն։
-Կրկնում եմ՝ Փաշինյանը Ալիեւի հետ կարո՞ղ է բանակցել։
-Դե, իհարկե, բա էդ գերիները որ գալիս են, էդ որ պատերազմը դադարել է, սա բավակցությունների արդյունք չի՞։
-Ո՞ւր է, որ գերիները գալիս են։
-Գալիս են, մի մասը եկել են, մի մասն էլ կգան։ Բա դա ինչի՞ արդյունք է։
-Ալիեւը բացահայտ ծաղրում է Փաշինյանին, իշխանության ներկայացուցիչներին, սա բանակցելու նոր ո՞ճ է։
-Ալիեւը խի՞ չի պատերազմում էսօր։ Ալիեւը հոգեխանգարված, պոռոտախոս, հոգեկան խնդիրներ ունեցող անձ է, որն իր հաղթանակից, հաջողություններից սրացումներ է սկսվել։
-Նա ծաղրում է Փաշինյանին` Հայաստանի ղեկավարին։
-Ի՞նչ անենք, մենք էլ իրա նման իրա՞ն ծաղրենք, իրա՞նց դիակները բերենք էստեղ` ծաղրենք, ինչո՞ւ եք իջնում Ալիեւի մակարդակին։ Լավ, վսյո, հերիք ա։
Դիտվել է 12550անգամ
Վերջին լուրեր