22 / Ապրիլ / 2021 : 13-00

Կոչ Ադրբեջանին՝ ապահովել բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակումը. ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հայտարարությունը

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովն այսօրվա նիստի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որում Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերադարձնել հայ գերիներին:
Ստորև ներկայացնում ենք հանձնաժողովի հայտարարությունը.
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները և 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից ի վեր տեղի ունեցած զարգացումները Եվրոպայի խորհրդի համար մեծ կարևորություն ունեն, և դրանց ուշադրությամբ հետևել է Մոնիտորինգի հանձնաժողովը: Համակարգելով այլ համապատասխան հանձնաժողովները` Մոնիտորինգի հանձնաժողովը լսել է երկու երկրների ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ փորձագետների կարծիքները, իսկ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ համազեկուցողները պարբերաբար հանդես են եկել տեղի ունեցող զարգացումների առնչությամբ համատեղ հայտարարություններով:
Հանձնաժողովը համոզված է, որ երկու երկրների ազգային խորհրդարանները կարող են և պետք է կարևոր դերակատարություն ունենան փոխվստահության կառուցման քայլերի, հաշտեցման գործընթացի և կողմերի միջև խաղաղության բանակցությունների վերսկսման գործում: Հետևաբար, հանձնաժողովը ողջունում է եռակողմ հայտարարության իրականացման գործում գրանցված առաջընթացը, բայց իր մտահոգությունն է հայտնում այն հաղորդագրությունների վերաբերյալ, որոնց համաձայն՝ այս հակամարտության համատեքստում կալանավորված ոչ բոլոր անձինք են փոխանակվել: Ի հավելումն՝ հանձնաժողովը գտնում է, որ երկու կողմն էլ պետք է ամրապնդի համագործակցությունն ու հաղորդակցությունը՝ ուղղված նշված տարածքների ականազերծմանը՝ քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման նպատակով:
Հանձնաժողովը կրկնում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ առանց տարբերակելու այն կարգավիճակը, որն այդ մարդկանց տրվել է կողմերից մեկի կողմից: Ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած մտավախությունները՝ Ադրբեջանի կողմից ենթադրաբար 188 գերեվարված հայերի վերաբերյալ, հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին ապահովել, որ բոլոր հայ կալանավորվածներն անհապաղ ազատ արձակվեն և փոխացվեն Հայաստանի իշխանությունների հոգածությանը:
Հանձնաժողովն այն կարծիքին է, որ վերջին միջազգային ռազմական գործողությունների ընթացքում հակամարտության և մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության համար պատասխանատու անկախ միջազգային առաքելության ստեղծումը կարևոր է հաշտության և իրական խաղաղության հաստատման նպատակով բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Մշակութային ժառանգությունը կարևոր է հակամարտության բոլոր կողմերի համար, և առաջնահերթ խնդիր է դրա պաշտպանությունն ու վերականգնումն ապահովելու նպատակով անհրաժեշտ մեխանիզմների անհապաղ ստեղծումը: Հետևաբար, հանձնաժողովը հանձնարարել է ԵԽ անդամ պետությունների միջև հակամարտությունների հարցերով զբաղվող իր ենթահանձնաժողովին ավելի մանրամասն ուսումնասիրել այս երկու հարցերի կոնկրետ մեխանիզմները:
Ի վերջո, հանձնաժողովը երկու կողմերին կոչ է անում կառուցողականորեն համագործակցել համապատասխան միջազգային ինստիտուտների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ իրականացնելու նպատակով և սկսելու խաղաղ բանակցությունները»:
Դիտվել է 9485անգամ
Վերջին լուրեր