26 / Ապրիլ / 2021 : 16-30

Մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը. ՀՀ ԱԳ նախարարն՝ ի պատասխան Էրդողանի հայտարարության

«Յուրանքչայուր ապրիլի 24-ը յուրահատուկ օր է: Այս ապրիլի 24-ը՝ ետպատերազմյան առաջին ապրիլի 24-ը, հստակ և հատուկ միջազգային հնչողություն ունեցավ: Այս տարի այդ օրը նշանավորվեց հայ ժողովրդին միջազգային հանրության կողմից շատ ուժեղ զորակցության արտահայտմամբ»,-Երևանում Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գորերի նախարար Արա Այվազյանը:
Նա նշեց, որ Հայաստան էին ժամանել բարձրաստիճան պատվիրակություններ՝ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, եղան ուղերձներ միջազգային բազմաթիվ գործընկերների կողմից, այդ թվում ամենաբարձր մակարդակով:
«Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության առումով»,- ընդգծեց նախարարը:
Ա. Այվազյանն ասաց, որ ամբողջովին կիսում է ԱՄՆ նախագահ Բայդենի ուղերձում արտահայտված այն միտքը, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի կանխելու նմանօրինակ միջազգային հանցանքների կրկնությունն ապագայում:
«Ցեղասպանությունների կանխագելման և դատապարտման գործում Հայաստանը միջազգային օրակարգ առաջ մղելու առաջամարտիկներից է և այդ իմաստով նախագահ Բայդենի ուղերձը շատ մեծ ավանդ է»,- ասաց ԱԳ նախարարը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի հայտարարությանը, որ պատրաստ է Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել բարի դրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա, Արա Այվազյանն ասաց. «Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը, բայց պետք է նշեմ, որ մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այև գործերը, ինչի մասին մենք շատ հստակ արտահայտվել ենք:
Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը, սակայն, չի ունեցել դրական շարունակություն:
Մենք անգամ ևս ուզում եմ վերահաստատել, որ մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը»:
Դիտվել է 8546անգամ
Վերջին լուրեր