Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ. ինչ խորհուրդ է տալիս Արմեն Սարգսյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով լինել պատասխանատու, գիտակցել՝ կորոնավիրուսի վտանգը չի անցել:
«Իմ խորհուրդը.
Սիրելի՛ բարեկամներ,
կորոնավիրուսի վտանգը դեռևս չի անցել։ Սա ասում եմ ոչ թե վախ առաջացնելու, այլ իրականության աչքերին ուղիղ նայելու համար։ Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ, և ես խնդրում եմ բոլորիդ լինել պատասխանատու: Լինել պատասխանատու, եթե նույնիսկ դուք շատ առողջ եք, ամուր եք և հիվանդությունը պարզ գրիպի պես եք տանելու, մեկ-երկու օր թեթև ջերմելու եք կամ, գուցե, դա էլ չունենաք և ասեք՝ «Սա՞ էր կորոնավիրուսը»։
Այո՛, դա էր կորոնավիրուսը, եթե ունեք երիտասարդ և առողջ մարմին, բայց այդ կորոնավիրուսը կրողը վարակը կարող է փոխանցել ուրիշներին, և նրանցից ոչ բոլորն են ձեզ պես առողջ ու երիտասարդ։ Կան տարիքով, վատառողջ մարդիկ, ում կյանքի համար վիրուսը կարող է լինել ծայրահեղ վտանգավոր։
Հետևաբար, եղե՛ք պատասխանատու»,- նշել է նա։