05 / Մայիս / 2021 : 10-20

Սպանվածը քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» թիկնապահներից էր․ Նոր մանրամասներ Էջմիածնում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներից


Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Էջմիածնում. սպանվածը քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» թիկնապահներից էր․ դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատից կրակված 30-ից ավելի պարկուճներ, վթարված Hyundai, որի վրա կան կրակոցի հետքեր։

Մայիսի 4-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ից 22:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում կրակոցներ են հնչել:

Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղայի դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 30-ից ավելի կրակված պարկուճներ, իսկ կրակոցի վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վթարված Hyundai Elantra ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր, իսկ կրակոցների արդյունքում էլ վնասվել է քաղաքացուն պատկանող, իր տան առջև կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենա:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» (Արթուր Ասատրյան) թիկնապահներից էր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ՝ 29-ամյա Ռազմիկ Սողոյանն էր։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ավելի մանրամասն սկզբնաղբյուր Shamshyan.com կայքում
Դիտվել է 49303անգամ
Վերջին լուրեր