21 / Ապրիլ / 2020 : 18-39

 

Անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է, որ ՀՀ իշխանությունները չեն կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակացություններում խոսել մեկ բան ու ժողովրդին ներկայացնել այլ բան։


Այս մասին Մնացականյանն ասաց ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ արձագանքելով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե ակտիվ քննարկվում են նախորդ տարի Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը ներկայացրած առաջարկությունները, որոնք ենթադրում են փուլային կարգավորում:
 
«Այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, վարչապետ Փաշինյանը, մենք եղել ենք առավել քան թափանցիկ։ Մեր դիրքորոշումներն ու մոտեցումները հայտնել ենք շատ պարզ ձևով։ Այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի։ Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014, 2016 թվականին, և այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2018-ից ի վեր քննարկումերը սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ՝ կողմերի մոտեցումների քննարկման, գնատահման վերաբերյալ: 2014թ. առաջարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»,- ասաց Մնացականյանը։
Նախարարը նշեց, որ հայկական կողմերն առավել քան հստակ խոսել են իրենց դիրքորոշումների մասին, որտեղ առաջնային գերակայություն է հայկական կողմերի համար անվտանգության բաղադրիչը։
 
«Ինչ վերաբերում է տարածքներին, ամենից բացի դա անվտանգության գոտի է ու պաշտպանական գծեր։ Որևէ հայկական կողմ չի կարող ենթադրել, որ հնարավոր է վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը։ Որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը։
 
Արտգործնախարարը հավելեց, որ հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, որը առաջնային և գերական տարրն է հայկական կողմերի համար այս բանակցային գործընթացում։ 
 
«Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով։ Զիջումներ չեն եղել ու չեն լինելու։ Հայկական կողմերը որևէ դեպքում չեն ստանձնելու որևէ նման մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, ԼՂ բնակչության սպառնալիք ստեղծելուն։ Այդ սպառնալիքը մնում է ռեալ։ Առավել քան առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումն այս բանակցային գործընթացում։ Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են լիարժեք արտահայտություն անվտանգության ու ստատուսի տարրերի։ Սա եղել և մնացել է հայկական կողմի մոտեցումը։ Սրա մասին մենք խոսում ենք բանակցությունների ժամանակ։ Խորապես սխալվում է նա, որ ենթադրում է, թե մենք կարող ենք բանակցությունների ընթացքում խոսել մի բան, և ժողովրդին ներկայացնել մեկ այլ բան։ Չի կարող լինել այդպիսի բան»,- ասաց Մնացականյանը։
 
ՀՀ արտաքին գործերի նախարարը նշեց, որ գործընթացը չունի որևէ այլընտրանք, քան խաղաղ կարգավորումը։ Հայկական կողմերը վճռականորեն պաշտպանելու են իրենց ժողովրդին, իրենց անվտանգությունը։ Մնացականյանը նշեց, որ հայկական կողմերը հավատարիմ են մնալու այս սկզբունքին ու շարունակելու են պնդել այն։
 
Ապրիլի 21-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ակտիվ քննարկվում են նախորդ տարի Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը ներկայացրած առաջարկությունները: Դրանք ենթադրում են փուլային կարգավորում:

Դիտվել է 5933անգամ
Վերջին լուրեր