Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Ապրիլ / 2020 : 21-55

Պարետի նոր որոշումը՝ օդաչուների, գնացքի մեքենավարների և վարորդների մեկուսացման ու ինքնամեկուսացման մասին


ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18- ի` «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 5 որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16 N 298-Ն որոշմամբ՝ սահմանել՝

 

1. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձինք Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի (այսուհետ՝ ՍԲՍՀԿ) աշխատակիցների կողմից ենթակա են հատուկ զննության (հեռահար ջերմաչափում, արտաքին զննում, անհրաժեշտության դեպքում՝ հարցում վարակին բնորոշ կլինիկական ախտանշանների մասին)։

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված գործընթացի արդյունքում ախտանշանների առկայության դեպքում (այդ թվումч 37 աստիճանից բարձր ջերմության առկայություն կամ այլ ախտանշաններ) կատարվում է անհապաղ հոսպիտալացում և տրվում է շտապ հաղորդում ՀՀ առողջապահության նախարարությանը և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:

3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ախտանշանները չհայտնաբերելու դեպքում ՍԲՍՀԿ-ների աշխատակիցների կողմից կանչ է գրանցվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն կամ տվյալ սահմանային հսկիչ կետի մարզի մարզպետարան։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կամ մարզպետարանի կողմից տրամադրված տրանսպորտային միջոցով տվյալ անձինք, ՀՀ առողջապահության նախարարության ցուցմանը համապատասխան, տեղափոխվում են ՀՀ առողջապահության նախարարության կամ մարզպետարանի կողմից սահմանված կարանտինային վայր և ենթակա են 14-օրյա մեկուսացման:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդին անմիջական խնամք տրամադրող կամ հիվանդի հետ շփում (ներառյալ՝ աշխատատեղ, դասասենյակ, համատեղ բնակություն, հավաքույթներ, ցանկացած տեսակի տրանսպորտային միջոց, այլ) ունեցող անձանց (կոնտակտավոր) նկատմամբ կիրառվում են «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածով նախատեսված սահմանափակումները՝ վերջիններիս հատուկ նախատեսված ՀՀ առողջապահության նախարարության կամ մարզպետարանի կողմից սահմանված կարանտինային վայր տեղափոխելու նպատակով: Մեկուսացման վայրերում ՀՀ ոստիկանության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կիրառվում են անհրաժեշտ միջոցառումներ:

5. Սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերից բացառություն են կազմում միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները (այդ թվում` նրանք, ովքեր բեռնաթափումից հետո լքում են ՀՀ տարածքը), գնացքների մեքենավարները, ինչպես նաև օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմը:

6. Սույն որոշման 5-րդ կետում նշված անձանց մոտ սույն որոշման 1-ին կետով սահմանված գործընթացի արդյունքում ախտանշանների առկայության դեպքում (այդ թվում՝ 37 աստիճանից բարձր ջերմության առկայություն կամ այլ ախտանշաններ) վերջիններս հոսպիտալացվում են:

7. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ախտանշանները չհայտնաբերելու դեպքում՝

1) միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո մեկուսացվում են մինչև հաջորդ մեկնումը՝

ա. սահմանային մաքսային մարմիններում լրացված տարանցիկ հայտարարագրերում որպես նշանակման վայր նշված՝ ապրանքների ժամանակավոր պահպանության վայրերում,

բ. բեռի ներմուծողի կողմից նախանշված վայրում, եթե Պետական եկամուտների կոմիտեի գրավոր թույլտվության հիման վրա այդ վայրը նշվել է որպես սահմանային մաքսային մարմնում լրացված տարանցիկ հայտարարագրով տեղափոխվող բեռի նշանակման վայր,

գ. բեռնաթափման վայրի տարածքում, եթե բեռը «մաքսային տարանցում» ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել ԵԱՏՄ անդամ երկրներից,

դ. բարձման վայրի տարածքում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքից բեռը արտահանվում է այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով։

ե. Նշված վայրերում մեկուսացման համապատասխան պայմանների բացակայության դեպքում բեռնափոխադրում իրականացնող վարորդները ինքնամեկուսանում են բեռնափոխադրում իրականացնող կազմակերպության կողմից իր վարորդների մեկուսացման համար առանձնացված վայրում կամ տրանսպորտային միջոցի՝ վարորդի համար նախատեսված խցիկում։

2) Գնացքների մեքենավարները և նրանց ուղեկցողները հերթափոխից հետո ինքնամեկուսացվում են մինչև հաջորդ հերթափոխ:

3) Օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմը մեկուսացվում է մինչև հաջորդ թռիչքը: Օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելու թույլտվություն ստացած օդանավի անձնակազմի մեկուսացումն իրականացվում է այդ նպատակով առանձնացված վայրում դիմավորող անձի կողմից՝ ոստիկանության հսկողությամբ:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝

ա. վարակի ախտանիշներ բացահայտելու նպատակով ՀՀ պետական սահմանների անցման կետերում իրականացնել բեռնափոխադրում իրականացնող վարորդների, գնացքների մեքենավարների և օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի հատուկ զննություն,

բ. բեռնափոխադրում իրականացնող վարորդներին¸ գնացքների մեքենավարներին և օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմին գրավոր ծանուցել Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո մինչև ՀՀ տարածքը լքելու օրը, բայց ոչ ավելի քան 14 օր մեկուսացման պահանջի վերաբերյալ,

գ. մեկուսացման ծանուցագրերի մասին տեղեկատվություն տրամադրել Պարետատուն, ՀՀ առողջապահության նախարարություն և ՀՀ ոստիկանություն:

9. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ Ոստիկանության պետի Արման Սարգսյանին, ՀՀ մարզպետներին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանին՝ ապահովել սահմանված միջոցառումների իրականացումը:

10. Ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել բեռնափոխադրում իրականացնող վարորդների, գնացքների մեքենավարների և օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի նկատմամբ մեկուսացման վայրերում հսկողության իրականացումը՝ բացառելով նրանց բացակայությունը նշված վայրերից:

11. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և ՀՀ մարզպետներին՝ ապահովել մեկուսացված անձանց առողջական վիճակի նկատմամբ հսկողության իրականացումը:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Դիտվել է 4819անգամ
Վերջին լուրեր