Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Ապրիլ / 2020 : 14-08

Մեր ժողովուրդը կորցրեց իր արժանավոր զավակներից մեկին. նախագահը ցավակցել է Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ.

«Խոր կսկիծով և ափսոսանքով իմացա ընկերոջս՝ դեսպան Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին:

Տոհմական մտավորական ընտանիքից սերած կիրթ ու պատրաստված անձն իր անուրանալի հետքն է թողել Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ:

Որպես դեսպան նա Հայաստանն արժանապատվորեն է ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Իտալիայում, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի շահերը պաշտպանել իր հետագա դասախոսական և գիտական-վերլուծական աշխատանքներում:

Արտաքուստ մեղմ և ընկերական, նա ճշգրիտ և սկզբունքային էր խոսքի և գործի մեջ:

Ռուբենի հետ ինձ կապում էր ուսանողական տարիներից սկսած բարեկամությունը և ընկերությունը, շատ հարցերում մեր հայացքների ու գնահատականների նմանությունը:

Նա մեզնից հեռանում է մի տարիքում, երբ արդեն կուտակել էր փորձ, գիտելիքներ ու միջազգային ճանաչում, որոնք ծառայեցնում և դեռ երկար տարիներ կարող էր ծառայեցնել Հայրենիքին:

Հազար ափսոս: Մեր ժողովուրդը կորցրեց իր արժանավոր զավակներից մեկին:

Անդառնալի կորստի այս ծանր պահին իմ և Նունեի կողմից խորապես ցավակցում եմ Ռուբենի տիկնոջը, զավակներին և բոլոր հարազատներին»:

Դիտվել է 7293անգամ
Վերջին լուրեր